Հրաժարվում են հեռանալ վտանագավոր գոտուց (տեսանյութ)
Առափի գյուղի սողանքային գոտում ապրող 11 ընտանիքների բնակարանային խնդիրի լուծումը Շիրակի մարզի մարզպետարանը ներառել էր մարզի առաջնահերթ հիմնահարցերի ցանկում եւ ընդամենը 44 մլն դրամով որոշել էր լուծել հարցը։
Այսինքն՝ 11 ընտանիքների բաժին է հասել 2,5-ից 4 մլն դրամ, որը դժգոհություն է առաջացրել։ Նրանք հրաժարվում են ստանալ առաջարկվող գումարը, պատճառաբանելով, որ այն բավարար չէ նոր բնակարան գնելու համար։
Մասնագետները գյուղացիներին զգուշացրել են հնարավոր նոր սողանքի մասին, որ ամեն օր կարող է պատահել։ Առափիի բնակիչները հրահանգ են ստացել՝ մեկ ամսում բնակարան գնել եւ արագ տեղափոխվել վտանգավոր գոտուց։ Հակառակ դեպքում պետությունը հրաժարվել է պատասխանատվությունից։ Առափեցիք, սակայն, հրաժարվել են լքել վտանգավոր գոտին։
Մարզի Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի կարծիքով 2,5 միլիոնի սահմաններում հնարավոր է տուն գնել… «Հարցում ենք կատարել կադաստրի պետական կոմիտե, տվյալ տարածաշրջանի համար ստացել ենք շուկայական միջին արժեքը, դրան համապատասխան էլ գումարներ ենք տրվել»,-ասել է։
Թե ինչո՞վ կավարտվի այս պատմությունը, Առափիի բնակիչները չեն պատկերացնում։ Ոմանք պատրաստ են անգամ «հողի տակ հայտնվել, քանց թե ընդունել պետության ողորմությունը»։ Նրանք ասում են, որ չեն կարող «ճակատի քրտինքով շինած տունը փոխել ուրիշի բուտկեքով, կամ դոմիկով»։
Իսկ Ակոյի սարը գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Հատկապես գարնան ձնհալին այստեղ անկանխատեսելի դեպքեր կարող են լինել։ Առափեցիք հասկանում են սա եւ պատասխանատու մարմիններին խնդրում ավելի մեծ լրջությամբ մոտենալ հարցին։
«Գալա» ՀԸ