Մսի գները սկսել են աճել
Վերջին շրջանում Երեւանի վաճառակետերում մսամթերքի գինը զգալի աճել է:
Այս օրերին թե սուպերմարկետներում, թե առանձին վաճառակետերում տավարի ոսկրոտ միսը վաճառվում է 2490-2600 դրամով, խոզի միսը (չալաղաջ) 3200- 3400 դրամով: Իսկ տեղական թռչնամիսը` 1700-1800 դրամ, դրսից ներմուծող հավերը վաճառվում են կիլոգրամը 1200-1300 դրամով: Նկատվում է նաև ձկնեղենի թանկացում:
«Հայաստանում գոյություն ունեցող Կայուն Զարգացման ծրագրում, որն ուղենիշ է բյուջեն և մյուս տնտեսական ծրագրերը կազմակերպելու համար, հստակ գրված է, որ ապրանքների գները և սակագները չպետք է գերազանցեն 4-4.5 տոկոսը: Եթե այս տեսանկյունից նայենք, մեր երկրում տեղի ունեցող գնաճը ոչ մի կերպ չի տեղավորվում այս ցուցանիշների սահմաններում»,- «Ա1+»-ին տեղեկացրեց «Սպառողների Միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա կարծիքով` մսամթերքի գնի բարձրացումը պայմանավորված է հարկային մարմինների պատժիչ քայլերով, որ կիրառում են միս արտադրողների և վաճառողների նկատմամբ, որը հանգեցնում է գնաճի:
Ըստ ոչ պաշտոնական վերլուծությունների` մսամթերքի շուկայում մոտ 20-30 տոկոս աճ է արձանագրվել:
«Նորմալ տնտեսական աճ ունեցող երկրներում, երբ եկամուտները կազմում են 9-10 տոկոս, կարող է նկատվել 5 տոկոս աճ: Մեզ մոտ հակառակն է՝ մենք չունենք բարձր աշխատավարձեր, կենսաթոշակներ, բայց ունենք 14 տոկոս գնաճ: Իհարկե, սա աննորմալ երևույթ է»,-նշեց Արմեն Պողոսյանը:
Նա նկատեց, որ մսամթերքի աճ կգրանցվի նաև Ամանորի նախատոնական առևտրի շրջանում: