«Մենք պետք է աղոթենք»
Հայաստանի ծանրամարտի հավաքականները շարունակում են պատրաստվել Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը նաեւ օլիմպիական վարկանիշային մրցաշար է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Հայաստանի կանանց ընտրանին գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ նախապատրաստական վերջին փուլն է անցկացնում Աբովյանում: Ֆրանսիայում մեր հանրապետությունը կներկայացնեն 4 մարզուհիներ՝ աբովյանցի Իզաբելլա Յայլյանը (53 կգ քաշային կարգ), գյումրեցի Մելինե Դալուզյանը (69 կգ), ծանրքաշայիններ, քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանը եւ գյումրեցի Նաիրա Հարությունյանը:
Տղամարդկանց ազգային հավաքականը մարզումները շարունակում է մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում: Գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը աշխարհի առաջնությանը հայտավորել է 6 ծանրորդ. Վանիկ Ավետիսյան (էջմիածին, 69 կգ քաշային կարգ), Սամվել Գրիգորյան (Քասախ, 69 կգ), Տիգրան Մարտիրոսյան (Գյումրի, 77 կգ), Առաքել Միրզոյան (Էջմիածին, 77 կգ), Ռուբեն Ալեքսանյան (Արարատ, +105 կգ), Հայկ Հակոբյան (Գյումրի, +105 կգ):
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, խոսելով թիմերի խնդիրների մասին, «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց, որ գլխավորը օլիմպիական նոր ուղեգրեր նվաճելն է:
«Աշխարհի անցած առաջնության արդյունքներով մենք ունենք տղամարդկանց եւ կանանց չորսական օլիմպիական ուղեգիր: Եթե հաջող հանդես գանք Փարիզում եւ թիմային հաշվարկով տեղ զբաղեցնենք 1-9-րդ հորիզոնականներում, ապա լոնդոնյան խաղերի ուղեգրերի քանակը կհասցնենք առավելագույնի` 10-ի»,- ասաց նա։
Սամվել Խաչատրյանը համոզված է, որ մեր հավաքականները հերթական մեդալները կնվաճեն աշխարհի առաջնությունում:
«Մեր մարզիկները ներկայումս գերազանց մարզավիճակում են: Մենք պետք է աղոթենք, որ հավաքականները հնարավորինս շատ մեդալներով վերադառնան Հայաստան» - եզրակացրեց ՀԾՖ-ի նախագահը: