Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկտեմբերի 27՝ սեւ օր (տեսանյութ)

Քաղաքականություն
c0196fc1479495bba1c0ab910c211ed1

Այսօր, հոկտեմբերի 27-ին, բայց 12 տարի առաջ գլխատվեց Հայաստանի իշխանությունը՝ մի խումբ ահաբեկիչներ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ թափանցեցին ՀՀ Ազգային ժողով, որտեղ տեղի էր ունենում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը եւ գնդակահարեցին գործադիր եւ օրենսդիր իշխանության առաջին դեմքերին։

Սպանվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Յուրի Բախշյան ու Ռուբեն Միրոյանը, պետնախարարն ու պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, պետնախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ, ողջ մնացածները մի քանի ժամ ստիպված էին պատանդ մնալ եւ տեսնել, թե ինչպես են արնաքամ լինում ղեկավարները:
Պետական լրատվամիջոցները ավելի քան 5 ժամ չէին հաստատում իշխանության առաջին դեմքերի սպանության փաստը: Միայն երեկոյան ժամը 22-ից հետո, նախագահականից տարածվեց հաղորդագրություն՝ հաստատում են, որ կան զոհեր եւ վիրավորներ:

Սպանվածների դիակները խորհրդարանի շենքից դուրս բերվեցին միայն ուշ երեկոյան: Մինչ այդ, ահաբեկիչները որոշակի պահանջներ էին ներկայացնում ու անընդհատ կանչում այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նաիրի Հունանյանի հետ միայնակ, դեմառդեմ հանդիպեց այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ի՞նչ են խոսել։ Մինչ օրս հասարակական - քաղաքական շրջանակներում այդ հանդիպումը բազում հարցականների եւ կասկածների տեղիք է տալիս:

Պատանդները ազատ արձակվեցին միայն հոկտեմբերի 28-ի առավոտյան, ահաբեկիչները ստանալով անվտանգության երաշխիքներ, հանձնվեցին եւ տեղափոխվեցին Ազգային անվտանգության մեկուսարան:

Հայաստանի գլխին կրկին կախվեց պատերազմի վտանգը։ Ադրբեջանը օգտվելով Հայաստանում տիրող քաոսային իրավիճակից, զորքերը տեղաշարժեց դեպի սահմանները եւ միայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի կտրուկ հեռախոսազրույցից հետո Սաֆար Աբիեւի հետ, կասեցվեց վտանգավոր իրադարձությունների զարգացումը:
Վաղարշակ Հարությունյանի շնորհիվ կանխվեցին նաեւ ներքին անցանկալի իրադարձությունները, քանի որ անխուսափելի էր քաղաքացիական պատերազմի վտանգը։ Պաշտպանության նախարարը խորհրդարանը վերցրեց բանակի հսկողության տակ:

Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը տեւեց ավելի քան մեկ տարի: Այդ ընթացքում զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արեց մի քանի աղմկահարույց հայտարարություն, որոնք սակայն այդպես էլ չունեցան իրենց գործնական արտահայտությունը: Ավելի ուշ, դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարանին միջնորդեց զրկել պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին՝ պատգամավորական անձեռնմխելիությունից եւ հրահանգեց նրան կալանավորել հենց խորհրդարանի դահլիճում։

Վարչապետ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո նրա պաշտոնը ստանձնեց եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Իսկ նրա ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի պաշտոնանկ արվելու պահից, հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման հեռանկարներն ավելի մշուշոտվեցին:

Դատավարությունը սկսվեց 2001 թվականի հունվարին ու տեւեց մոտ 3 տարի: Դատական նիստերն անցնում էին արտակարգ խիստ հսկողությամբ՝ Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցը փակվում էր, դահլիճում տեղերի սահմանափակության պատճառով հասարակության մի ստվար զանգված դատարանի շենքի դիմաց սպասում էր ներսից դուրս եկողների լուրերին: Չնայած հասարակական պահանջին, բողոքի ցույցերին եւ զոհերի հարազատների կոչերին, 27-ի դատավարությունը չտվեց ամենատարրական հարցերի պատասխանը` ինչու՞ եւ ինչպե՞ս եղավ:

Պետության առաջին դեմքերին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Նրանցից երեքը տարբեր հանգամանքներում բանտում մահացան՝ Նորայր Եղիազարյանը էլեկտրահարվեց, Նաիրի եւ Կարեն Հունանյան եղբայրների քեռին՝ Վռամ Գալստյանը ինքնասպան եղավ, իսկ Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ: Նրանց մահվան որակումները պաշտոնական են։

Հոկտեմբերի 27-ի գործով նախկին ամբաստանյալ, սակայն ապացույցների անբավարարության հիմքով ազատ արձակված Մուշեղ Մովսիսյանը մահացավ ավտովթարից: Դեպքի ականատեսներից մի քանիսը, որոնք շատ արագ հայտնվեցին ՀՀ-ի սահմաններից դուրս, նույնպես մահացան կասկածելի հանգամանքներում:

Այսօր ոչ ոք չի հավատում, որ ահաբեկիչները գործել են ինքնուրույն՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը լիովին չի բացահայտվել: 12 տարի անց հասարակությանը հայտնի է այնքան, որքան հայտնի էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին: