Նիկոլ Փաշինյանը հրաման տվեց,որ քրեական գործեր կարեն Քոչարյանների դեմ.Սեւակ Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» դաշինքի պատգամավոր Սևակ Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի շուրջ ընթացող զարգացումները կապում է երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի միջև տեղի ունեցած բանավեճի հետ։
Խաչատրյանի խոսքով՝ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է, իսկ իշխանությունն իրավապահ համակարգն օգտագործում է ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար․
«Ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, բոլորն են տեսել, թե ինչպես Ազգային ժողովի թիվ մեկ քաղաքական ամբիոնից երկրի վարչապետն ուղիղ հրաման տվեց իրավապահներին, որպեսզի քրեական գործեր կարեն, որպեսզի ահաբեկեն, բռնաճնշումներ իրականացնեն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի և մերձավորների նկատմամբ։ Այսօր առավոտյան ժամը 7-ից սկսվածն այդ ամենի ապացույցն է, ուրիշ ոչ մի բան»։
Նա պնդում է, որ իրավապահ համակարգը վերածվել է իշխանության գործիքի՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներին թիրախավորելու համար․
«Այսօրվա իրավապահ համակարգը Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանի բութ գործիքն է դարձել։ Կարծես յաթաղան լինի, օգտագործում է հայ ժողովրդի և ընդդիմադիրների դեմ»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ հատկապես թիրախավորվում են այն ընդդիմադիրները, որոնք իշխանության հասցեին կոշտ քննադատություն են հնչեցնում։ Նրա համոզմամբ՝ միայն «Հայաստան» դաշինքի պայքարը բավարար չէ, և անհրաժեշտ է նաև հասարակության ու մյուս ընդդիմադիր ուժերի աջակցությունը․
«Իրականում այս ձերբակալությունները հենց դրա մասին են խոսում՝ փորձում են ընդդիմադիրներին մեկուսացնել»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով վարչապետի ներկայացրած կառավարության ծրագրին՝ Խաչատրյանն այն խիստ քննադատության ենթարկեց՝ հայտարարելով, որ դա կառավարության ծրագիր չէր․
«Երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը, մենք հասկացանք մի բան․ դա կառավարության ծրագիր չէր, դա Հայաստանի Հանրապետության, մեր պատկերացրած Հայաստանի Հանրապետության մահախոսականն էր»։
Հարցին, թե որտեղից է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ունեցվածքը, Խաչատրյանը նշեց, որ Քոչարյանները նախկինում բազմիցս խոսել են այդ մասին, իսկ ներկայիս քրեական գործի շրջանակում հանգամանքները, ըստ նրա, կպարզվեն․
«Դե, կարծում եմ՝ դա հայտարարագրում լրացված է, բազմաթիվ անգամ Քոչարյաններն այդ մասին խոսել են։ Ես ինքս մանրամասնություններ չեմ կարող ասել։ Իրենք դրա մասին խոսել են՝ որտեղից և ինչ»։
Խաչատրյանը միաժամանակ հայտարարեց, որ իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի պարզել նաև գործող իշխանության ներկայացուցիչների ունեցվածքի վերաբերյալ հարցերը։ Նրա պնդմամբ՝ այսօր ամբողջ իրավական համակարգը՝ ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն և Ոստիկանությունը, իշխանության ամբողջական վերահսկողության ներքո են։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ այսօր՝ օգոստոսի 25-ի վաղ առավոտից, լայնածավալ քննչական և վարութային գործողություններ են իրականացվում։ Իրավապահները խուզարկություն են սկսել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։
Քննչական գործողությունները չեն սահմանափակվում Քոչարյանների բնակարաններով։ Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները գործողություններ են իրականացնում «Orange Fitness»-ում, «Play City» ժամանցի կենտրոնում և մի շարք այլ հասցեներում։ Խուզարկություն է իրականացվում նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմեշ» ընկերությունում։