Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդ ոնց ա ստացվում, որ ավելի թանկ եք առնում․ այս ինչ ուժեղ առևտուր անող եք դուք․ Մանուկյան (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի աշխատանքին և «առկա խնդիրներին»։

Մանուկյանն առաջին հերթին խոսեց Դավիթ Ղազինյանի՝ ՀԷՑ-ը ղեկավարելու տարիներին առնչվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հնչեցրած մեղադրանքներին՝ մասնավորապես «Ռիո Մոլ»-ում և «Դալմա Գարդեն Մոլ»-ում տարածքներ վարձակալելու վերաբերյալ։

Նա հայտարարեց, որ պատրաստվում է այդ ֆոնի վրա գնահատական տալ Երևանի քաղաքապետարանի աշխատանքին՝ ընդգծելով, որ նույն չափանիշները պետք է կիրառվեն բոլորի նկատմամբ։

Որպես օրինակ՝ Մանուկյանը բերեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից դիզվառելիքի գնման դեպքը։ Նրա ներկայացմամբ՝ 2026 թվականի մայիսի 6-ին ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով դիզվառելիք է ձեռք բերել՝ մեկ լիտրը 545 դրամով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում լցակայաններում մանրածախի գինը, ըստ նրա, եղել է մոտ 510 դրամ։

Մանուկյանը հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս կարող է ստացվել, որ մեծածախ գնման դեպքում քաղաքապետարանը վառելիքը ձեռք է բերում ավելի թանկ, քան շուկայում դրա մանրածախի արժեքն է։

«Ինչպե՞ս է լինում, որ շուկայում նույն բանը մանրածախը ծախում են 510 դրամով, դուք մեծածախը առնում եք 545 դրամով։ Այս ինչ ուժեղ առևտուր անող եք դուք»,- իր ելույթում ասաց նա՝ նշելով, որ պատրաստ է հրապարակել գնման օրի, վայրի և ժամի վերաբերյալ տվյալները։

Մանուկյանն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված Yutong տրոլեյբուսներին։ Նա հիշեցրեց, որ առաջին խմբաքանակի ձեռքբերման արժեքը, իր ներկայացմամբ, կազմել է մոտ 135 միլիոն դրամ, իսկ հաջորդ գնման ժամանակ գինը նվազել է՝ հասնելով մոտ 95-96 միլիոն դրամի։ Այս հանգամանքը նա կապեց իր և ընդդիմության կողմից նախկինում հնչեցրած քննադատության հետ։ «Ամենավերջին խոսքերն եմ ասել, ասել եմ մտեք նայեք, թանկ եք առնում»։

Երևանի քաղաքապետարանի աշխատանքների վերաբերյալ Մանուկյանը ևս մեկ օրինակ բերեց՝ անդրադառնալով պոլիկլինիկաների տարածքների վարձակալությանը։ Նա նշեց, որ ըստ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակման՝ պոլիկլինիկայի տարածքի համար մի տնտեսվարող առաջարկել է 540 հազար դրամ վարձավճար, մինչդեռ քաղաքապետարանի ներկայացուցիչը նպատակահարմար է համարել այն մեկ այլ տնտեսվարողի տրամադրել 300 հազար դրամով։

Պատգամավորը հարց բարձրացրեց նաև այն մասին, թե արդյոք նման դեպքերում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ նույն չափանիշներն են կիրառվում։ Ելույթի այս հատվածում Մանուկյանը նաև անդրադարձավ դատախազություն դիմելու վերաբերյալ հնչող առաջարկներին՝ պնդելով, որ նախկինում իր կողմից բարձրաձայնված մի շարք կոռուպցիոն խնդիրներ պատշաճ գնահատականի չեն արժանացել կառույցի կողմից։

Նա առանձնացրեց նաև Շիրակի մարզում իրականացվող վարչատարածքային փոփոխությունների հետևանքները։ Մանուկյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Աննա Գրիգորյանի հետ Շիրակի մարզում աշխատանքային այցի ընթացքում արձանագրել էին մի շարք խնդիրներ։

Հատկապես մտահոգիչ է Ամասիա խոշորացված համայնքում դպրոցների փակման գործընթացը։ Մանուկյանի գնահատմամբ՝ դպրոցների փակումը կարող է նպաստել գյուղական բնակավայրերի դատարկմանը։ Նա նաև մատնանշեց մի շարք ծառայությունների՝ զինկոմիսարիատների և անձնագրային կետերի հասանելիության խնդիրները՝ պնդելով, որ գյուղացիների համար կյանքը դրանով ավելի է բարդանում։

Շիրակի մարզին վերաբերող հաջորդ խնդիրը, ըստ պատգամավորի, սպանդանոցների բացակայությունն է։ Մանուկյանը պատմեց, որ գյուղացիներից ստացված հարցին, թե որտեղ կարող են մորթել անասունը, մարզային կառույցից առաջարկել են դիմել հարևան մարզերին։ Նա անդրադարձավ նաև Կապսի ջրամբարի ծրագրին։

Արձանագրեց, որ 2023 թվականին ջրամբարի շինարարությունը պաշտոնապես մեկնարկել էր՝ շուրջ 120 միլիոն դոլար բյուջեով։ Սակայն, ըստ նրա, ծրագրի ընթացքը հետագայում խնդիրների է բախվել։ Մանուկյանը պնդեց, որ հետևել են աշխատանքներին և արձանագրել, որ 10% աշխատանք չկա նույնիսկ։ Նա ընդգծեց, որ չիրականացված ծրագրերի հետևանքների բեռը, իր գնահատմամբ, կրում է քաղաքացին։ Շիրակի մարզի խնդիրների շարքում նա հիշատակեց նաև Գյումրիի աղետի գոտու տնակային ավանների վերացման գործընթացը՝ պնդելով, որ պետական ծրագրով նոր կառուցված շենքերի հարցում բավարար առաջընթաց չկա։ Ելույթի ընթացքում անդրադարձ եղավ նաև համայնքների դոտացիաների բաշխմանը։ Մանուկյանը պնդեց, որ որոշ համայնքներ կարող են տուժել քաղաքական պատճառներով, և որպես օրինակ մատնանշեց Ախուրյան համայնքը։

«Որ համայնքի ղեկավարը ընդդիմադիր եղավ, դե ասա՝ քաշվեց էդ համայնքը»։ Վերջում նա խոսեց բնապահպանական խնդիրներից՝ համեմատելով կառավարության՝ 10 միլիոն ծառ տնկելու խոստումը Երևանի կանաչապատման իրական պատկերի հետ։ Մանուկյանի ներկայացմամբ՝ նախորդ տարի Երևանի բյուջեից կանաչապատման համար ծախսվել է մոտ4.9 միլիարդ դրամ, մինչդեռ տնկվել է 5044 ծառ։ Այս խոսքի ավարտին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց պատգամավորի ելույթը, քանի որ ժամանակից շուրջ մեկ րոպե անցել էր։