Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Մեր նպատակն է այլընտրանք ստեղծել ՀՀ-ի համար․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ռուսական լրատվամիջոցներին (տեսանյութ)

Մեր նպատակն է այլընտրանք ստեղծել ՀՀ-ի համար։ Սա յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում։

«Ներկա պահին ԵԱՏՄ-ի համար լավագույն դիրքորոշումը ոչ թե այդ գործընթացը տորպեդահարելը կլիներ, այլ հակառակը, աշխատել, որպեսզի բարձրացներ ԵԱՏՄ մրցակցայնությունն ու գրավչությունը»,- ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Նիստին, բացի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից, մասնակցել են նաև Իրանի, Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։

Նիստից հետո վարչապետը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մնալու, Եվրամիության հետ հարաբերությունների, հանրաքվե անցկացնելու և տնտեսական համագործակցության թեմաներին։

Լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանի համար կարևոր է մնալ ԵԱՏՄ-ում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի նպատակն այլընտրանքներ ստեղծելն է, ինչը յուրաքանչյուր ինքնիշխան պետության օրինական իրավունքն է։

«Կարծում եմ՝ այս պահին Եվրասիական տնտեսական միության լավագույն դիրքորոշումը ոչ թե այդ գործընթացը խոչընդոտելն է, այլ, ընդհակառակը, աշխատել միության մրցունակությունն ու գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ։ Հայաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ», - ասաց նա։

Հարցին, թե արդյոք ժամանակը չէ կատարել ընտրություն ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, վարչապետը պատասխանեց, որ նախ անհրաժեշտ է ստեղծել այդ ընտրության իրական հնարավորությունը, և միայն դրանից հետո կարելի է որոշում կայացնել։

Փաշինյանի խոսքով՝ հետաքրքիր է, որ գործընկերները խրախուսում են Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարը, ինչը նա բարձր է գնահատում։

Վարչապետը միաժամանակ ընդգծեց, որ նման հանրաքվեն հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը՝ անդամակցության գործընթաց սկսելու համար, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մակարդակով աշխատել։

«Այսօր հանրաքվե անցկացնել հնարավոր չէ։ Եթե հիմա հանրաքվե կազմակերպենք և քաղաքացիներին առաջարկենք ընտրել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև, նրանք կհարցնեն՝ ո՞րն է Եվրամիության անդամ դառնալու մեր հեռանկարը, ի՞նչ ճանապարհային քարտեզ ունենք։ Այդպիսի բազմաթիվ հարցերի պատասխաններն այսօր չունենք, ոչ ոք չունի», - նշեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ԵԱՏՄ տարածքում ներկայում տեղի ունեցող գործընթացներն ավելի շատ նպաստում են Հայաստանում միության նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը։ Նա որպես օրինակ մատնանշեց հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի սահմանած սահմանափակումները։

Լրագրողի հարցին, թե արդյոք կառավարությունը համեմատել է հայկական ապրանքների հեռանկարները ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում, վարչապետը պատասխանեց, որ ցանկացած երկրի համար առաջնայինը արտադրանքի որակի, մրցունակության և ստանդարտների բարձրացումն է։

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մրցունակությունը ցանկացած տնտեսության և ցանկացած ապրանքի համար ամենակարևոր հարցն է։ Այս գործընթացը պետք չէ ներկայացնել բացասական լույսի ներքո։ Գլխավոր միտքը, որի մասին նաև ելույթումս նշեցի, այն է, որ սա լավ հնարավորություն է Եվրասիական տնտեսական միության համար՝ համատեղ աշխատելու ու բարձրացնելու միության գրավչությունն ու մրցունակությունը», - ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե ԵԱՏՄ-ի հիմնարար սկզբունքները չգործեն, ապա միությունը կարող է հայտնվել ճգնաժամի մեջ։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական ապրանքների շուրջ, խնդիր է Հայաստանի համար, բայց դա նույնիսկ ավելի մեծ խնդիր է հենց Եվրասիական տնտեսական միության համար։ Եթե միության հիմնարար սկզբունքները գործնականում չեն աշխատում, նշանակում է՝ չի աշխատում նաև ԵԱՏՄ-ն», - ընդգծեց վարչապետը։

Անդրադառնալով Հայաստանի քաղաքականությանը՝ վարչապետը նշեց, որ Հայաստանը վաղուց է վարում տնտեսության և արտաքին կապերի դիվերսիֆիկացման քաղաքականություն, և դա ինքնիշխան ու լիովին օրինական քաղաքականություն է։ Նրա խոսքով՝ նման քաղաքականություն իրականացնում են նաև այլ պետություններ։

Լրագրողներից մեկի հումորային առաջարկին՝ անդամակցել ոչ թե ԵԱՏՄ-ին կամ Եվրամիությանը, այլ «հայկական նոր միություն» ստեղծել՝ Հայաստանի գլխավորությամբ, Փաշինյանը ժպիտով արձագանքեց. «Լավ գաղափար է, կմտածենք»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց նաև, թե արդյոք վարչապետը համեմատել է Հայաստանի առևտրաշրջանառությունը Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նման համեմատություն չի կատարել՝ նշելով, որ քաղաքական օրակարգում այսօր նման հարց չկա։

Նա ընդգծեց, որ Եվրամիությունը Հայաստանի համար զգալի առևտրատնտեսական գործընկեր է, սակայն ներկայիս խնդիրը ոչ թե երկու ուղղությունները համեմատելն է, այլ Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծելը։

Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի որոշ գործընկերների այն հայտարարությունները, թե Հայաստանը «ոչ մեկին պետք չէ» և «ոչ ոք Հայաստանին չի սպասում», հակառակ ազդեցությունն են ունեցել։

«Մենք այդ ուղերձը ոչ թե բացասական, այլ դրական ենք ընկալել և սկսել ենք աշխատել, որպեսզի ցույց տանք, որ իրականում իրավիճակը բոլորովին այլ է», - ասաց վարչապետը։

Անդրադառնալով արտաքին ճնշումների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե որևէ մեկը լծակներ ունի Հայաստանին որևէ բան պարտադրելու համար, ապա դրանք չեն գտնվում ոչ Բրյուսելում, ոչ Արևմուտքում, ոչ Հարավում և ոչ էլ Արևելքում։