Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Ձեզ, պարոն Ռուբինյան․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի առջև ծառացած քաղաքական, անվտանգային և տնտեսական հիմնական մարտահրավերներին, ներկայացրեց խմբակցության դիրքորոշումները և հավելեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանին։ 

Կարապետյանի խոսքով՝ վերջին ութ տարիներին Հայաստանը հաղթահարել է պատերազմներ, հասարակական լարվածություն և տնտեսական դժվարություններ, սակայն, ըստ նրա, այսօր կա առաջ շարժվելու և ուժեղ երկիր ունենալու կարևոր մոտիվացիա։

«Առաջին անգամ Հայաստանի վերջին շուրջ 700 տարվա պատմության ընթացքում հայերն իրենք են որոշում իրենց ապագան»,- ասաց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է դասեր քաղել Առաջին Հանրապետության փորձից և պետական որոշումները կայացնել ազգային շահերից ելնելով։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ խմբակցության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է երկրի զարգացման, ինչպես նաև Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի տեսանկյունից։ Միաժամանակ նա պնդեց, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները։

Կարապետյանը մասնավորապես հիշեցրեց Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլաևի հայտարարությունը, ըստ որի՝ «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը կարևոր նշանակություն ունի նոր ազգային ինքնության ձևավորման համար, և այդ համատեքստում առաջարկեց ընդունել, իրենց խմբակցության ձևակերպմամբ, «հակասաֆարովյան օրենք», որով Ադրբեջանի քաղաքացիները չեն կարողանա Հայաստանում 10 օրից ավելի գտնվել կամ անշարժ գույք ձեռք բերել։

Որպես երկրորդ մարտահրավեր՝ Նարեկ Կարապետյանը խոսեց գյուղատնտեսության մասին։ Նա նշեց, որ, իր գնահատմամբ, ոլորտի ընդհանուր վիճակը էականորեն չի փոխվել, մինչդեռ գյուղացիների վարկային բեռը վերջին ութ տարվա ընթացքում զգալիորեն աճել է։ Նրա խոսքով՝ դա մեծացնում է գյուղատնտեսական տնտեսությունների սնանկացման վտանգը, հատկապես արտահանման շուկաների սահմանափակման դեպքում։

Ելույթի ավարտին Նարեկ Կարապետյանն անդրադարձավ նաև Թուրքիայի հետ հարաբերություններին՝ նշելով, որ սահմանի հնարավոր բացումը երկրի առաջ ծառացած երրորդ մարտահրավերն է։ Ըստ իրենց դիրքորոշման, սահմանի բացումը չպետք է տեղի ունենա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի հաշվին։ Նրա խոսքով՝ ցեղասպանության ճանաչման օրակարգը շարունակում է միավորել Հայաստանն ու սփյուռքը և կարևոր նշանակություն ունի պատմության կրկնությունը կանխելու տեսանկյունից։

«Մեր խմբակցությանը դեմ է քվեարկելու Ձեզ, պարոն Ռուբինյան։ Ես կուզեի Թուրքիայի հետ հարաբերությունները զարգանային այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին ու իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է»,- եզրափակեց իր խոսքը Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը առաջադրված է ԱԺ նախագահի թեկնածու։