Ուկրաինացի զինվորականները մասնակցեցին Բելգիայի ռազմական շքերթին
Աջակցիր «Ա1+»-ինԲրյուսելի կենտրոնն այսօր բազմամարդ էր սովորական օրերից շատ ավելի։ Ընդհանրապես կենտրոն հասնելն էր այսօր շատ դժվար՝ փակված փողոցներ, ոստիկաններ․ Բելգիան նշում է ազգային տոնը բազմաթիվ միջոցառումներով։
Ինչպես նախորդ տարիներին՝ Թագավորական պալատի մոտ այս տարի էլ տեղի ունեցավ ռազմական շքերթ։ Նրանք, ովքեր չունեին հրավիրատոմսեր, առավոտից արդեն տեղեր էին զբաղեցրել հրապարակին մոտ․ շատերը ծալովի աթոռներ էին բերել։
Շքերթը նախատեսված էր տեղական ժամանակով ժամը 16-ին։ Հյուրերը սկսեցին ժամանել ժամը 14-ից սկսած։ Նրանցից ավելի վաղ եկած քաղաքացիները իրար փոխանցում էին ժամանողների անունները՝ Ճապոնիայի դեսպանն է, նախարարն է․․․ Երբ սկսվում է շքերթը, ծափերով են ուղեկցում բոլոր մասնակիցներին՝ զինվորականներին, ոստիկաններին, հրշեջներին, ռազմական ակադեմիայի կուրսանտներին:
Առաջին անգամ 23 ուկրաինացի զինծառայողներ Բելգիայի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ներկայացուցիչների հետ մասնակցում են շքերթին։ Նրանց մարդիկ ողջունում են «Փառք Ուկրաինային» վանկարկումներով։ Այս տարի առաջին անգամ նաև շքերթի մաս է կազմում նոր F-35 կործանիչը, որը Բելգիայի զինված ուժերի ամենաժամանակակից կործանիչն է: Ցուցադրվում են անօդաչու թռչող սարքեր:
Ուշ երեկոյան Բրյուսելում տեղի կունենա տոնական համերգ ու դրոն շուու։