Մերոնք անհաջող են ելույթ ունենում
Տոկիոյում ավարտին է մոտենում սպորտային մարմնամարզության աշխարհի 43-րդ առաջնությունը, որտեղ մեդալներից բացի, խաղարկվում են 2012թ. Լոնդոնի ամառային 30-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրեր:
Այս կարեւոր ստուգատեսում Հայաստանի 4 պատվիրակներից ոչ ոք բազմամարտում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը ու զրկվեց թե մրցանակային տեղերի եւ թե օլիմպիական խաղերի ուղեգրերի համար մղվող պայքարին մասնակցելու հնարավորությունից:
Մեր պատվիրակներից համեմատաբար հաջող հանդես եկավ 28-ամյա Հարություն Մերդինյանը, որը բազմամարտում 262 մասնակիցների մեջ գրավեց 92-րդ տեղը:
Կանանց բազմամարտի մրցաշարին 22-ամյա Հուռի Գեբեշյանը՝ Բոստոնից, 216 մասնակիցների մեջ զբաղեցրեց 128-րդ տեղը:
Ինչպես Ա1+-ի թղթակցին հայտնեցին ՀԱՕԿ-ի լրատվական բաժնից, որ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու՝ մեր մարմնամարզիկների հույսերը դեռ չի մարել:
2012թ. հունվարի 10-ին Լոնդոնում կկայանա եւս մեկ օլիմպիական վարկանիշային ընտրական մրցաշար: