Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արամ Օրբելյանը միջնորդեց ապահովել ՍԴ-ում կազմի ամբողջականությունը (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում այսօր՝ հունիսի 26-ին, մեկնարկել է յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։ Այն վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ի թիվ 259-Ա որոշմանը, որով ամփոփվել են հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները։ Նիստի սկզբում ՍԴ-ում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը պահանջեց գործը քննել Սահմանադրական դատարանի ամբողջական՝ 9 հոգանոց կազմով՝ նշելով, որ Սահմանադրությունը երաշխավորում է գործերի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից, որն ունի 9 անդամ, իսկ 7 հոգանոց կազմով քննությունը, ըստ նրա, չի համապատասխանում այդ պահանջին։

Սահմանադրական դատարանը մերժեց միջնորդությունը և շարունակեց քաղաքական ուժերի դիմումների քննությունը 7 հոգանոց կազմով։ Այնուհետև գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանը  հիշեցրեց, որ հունիսի 21-ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ արձանագրել էր դատավորներ Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինությունը։

Այդ պատճառով Սահմանադրական դատարանի 9 դատավորներից գործի քննությանը մասնակցում են 7-ը։ Նշենք, որ որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես հարակից պատասխանողներ՝ Գլխավոր դատախազությունը, Ներքին գործերի նախարարությունը և Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ որպես երրորդ անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Գործը քննվում է բանավոր ընթացակարգով։