Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքար. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամիսներին թմրամիջոցների հետ կապված 1313 հանցագործություն է արձանագրվել

2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 1313 հանցագործություն, որոնցից 1269-ը վերաբերում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնել է ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է՝ հասնելով 52.7 տոկոսի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50.9 տոկոսի դիմաց։ Թմրամիջոցների իրացման 757 դեպք է արձանագրվել, իսկ մաքսանենգության՝ 38 դեպք։ Ընդհանուր առմամբ քրեական հետապնդում է հարուցվել 518 անձի նկատմամբ։

Հովսեփյանը նշել է նաև, որ տարվա առաջին հինգ ամիսներին ապօրինի շրջանառությունից առգրավվել է 243 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (132 կգ)։ Միաժամանակ զգալիորեն աճել է սինթետիկ թմրամիջոցների, մասնավորապես՝ մետամֆետամինի առգրավման ծավալը՝ հասնելով 18 կիլոգրամի։

Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բուժական գծով տնօրենի տեղակալ Գայանե Վարդազարյանը հայտնել է, որ վերջին հինգ տարիներին թմրամիջոց օգտագործողների հաշվառված թիվն աճել է 6.3 տոկոսով, իսկ կանանց շրջանում աճը կազմել է շուրջ 8 տոկոս։ Նրա խոսքով՝ անչափահասների թիվը զգալի փոփոխություն չի կրել և տարեկան կազմում է 6-9 դեպք։

Վարդազարյանի խոսքով՝ բուժումն իրականացվում է անվճար, իսկ առաջին խորհրդատվության համար քաղաքացիները կարող են դիմել նաև առանց անձնական տվյալներ ներկայացնելու։ Նա ընդգծել է, որ ժամանակակից սինթետիկ թմրամիջոցների անգամ մեկանգամյա օգտագործումը կարող է հանգեցնել ծանր հոգեկան խանգարումների և առողջական լուրջ հետևանքների։

Ասուլիսի մասնակիցները նաև նշել են, որ դպրոցներում և երիտասարդների շրջանում իրականացվում են իրազեկման ծրագրեր, մշակվում են ուսումնական նյութեր, ինչպես նաև ծնողների համար ուղեցույցներ՝ երեխաների վարքագծային փոփոխությունները ժամանակին նկատելու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական օգնության դիմելու նպատակով։ Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ առկա տվյալները չեն վկայում անչափահասների կողմից թմրամիջոցների օգտագործման կամ դրանց հետ կապված հանցագործությունների աճի մասին, թեև յուրաքանչյուր նման դեպք գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում։