«Վարչապետի փաստաթուղթը դատարկաբանություն է» (տեսանյութ)
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ կառավարությունը 2012թ. մտադիր է հավաքել 101 միլիարդ դրամով ավելի հարկ, քան նախորդ տարվա ընթացքում:
Վարչապետը պատրաստվում է համապատասխան փաստաթուղթ ներկայացնել ԱԺ: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ դա կառավարությանը չի հաջողվի:
Իսկ թե ինչո՞ւ հիմնավորեց «Ա1+»-ի հետ հարցազրույցում:
-Վարչապետը ընդամենը ցանկանում է ցույց տալ, որ գործ է անում, ցանկանում է հարկերն ավելացնել, այն էլ՝ 101 միլիարդ դրամով, որը 6,8 տոկոսով ավել է, քան նախորդ տարի:
Իրականում, երբ փորձում ես հասկանալ բյուջեի տրամաբանությունը, տեսնում ես, որ այն ոչինչ չի նշանակում՝ մենք որեւէ փոփոխություն չենք զգալու:
Ինչ վերաբերում է 2012թ. հարկերն ավելացնելու ծրագրին, ապա բոլորն էլ գիտեն, որ դա Համաշխարհային բանկի եւ միջազգային կառույցների պահանջն է, որոնք շատ լավ գիտեն Հայաստանի տնտեսության վիճակը, եւ քաղաքական նկատառումներից ելնելով, պահանջներ են ներկայացնում:
Սեպտեմբերի վերջին կառավարության նիստի ժամանակ գլխավոր հարկահավաքը հայտարարել է, որ չի կարող ապահովել 101 միլիարդ դրամի ավելացումը, քանի որ այն պետք է տեղի ունենա կամ օլիգարխների հաշվին, կամ միջին եւ փոքր բիզնեսի ռեկետի հաշվին:
Այսինքն, հարկահանության միջոցով 2012թ. բյուջեն չի՞ ավելանալու:
-Դա օլիգարխներին կպնելու հարց է: Դրա համար քաղաքական որոշում պետք է կայացվի եւ այդ որոշումը պետք է կայացնի Սերժ Սարգսյանը:
Եթե Սերժ Սարգսյանը նման հայտարարություն անի, դա նշանակում է՝ Հայաստանում ամբողջ տնտեսական համակարգը կփոխվի: Նման հայտարարություն դեռ չի արել եւ դա նշանակում է, որ հարձակումը կլինի փոքր եւ միջին բիզնեսի վրա:
Այսինքն՝ այդ գումարները հավաքելը ռեալ չէ եւ հաջորդ տարի մեզ բացատրություններ կտան, թե ինչո՞ւ նախատեսված հարկահանությունը տեղի չունեցավ:
Իսկ ո՞վ է պատասխան տալու չկատարված հարկահանության համար:
-ՀՀ-ում ոչ մի իրավասու մարմին՝ դատախազություն, ոստիկանություն կառավարության կամ Կենտրոնական բանկի նկատմամբ երբեք գործ չի հարուցել իր պարտականությունները չկատարելու համար: Անպատասխանատվությունն է բերում նման իրավիճակի: Եթե խնդիր չի դրվել օլիգարխներից գումարներ հավաքել, ուրեմ կխեղդեն փոքր եւ միջին բիզնեսին:
Այլ տարբերակ չկա՞:
-Կա՝ Համաշխարհային բանկը առաջարկում է ավելացնել արտաքին պարտքը: Եթե արտաքին պարտքը 2011թ. եղել է 3 միլիարդը 805 միլիոն ԱՄՆ դոլար, ապա նախագծով կլինի 4 միլիարդ 100 միլիոն: Այսինքն՝ նախագծով 300 միլիոն արդեն նախատեսվում է, որ պետք է գանձեն:
Այն գումարները, որ պետք է ավելացնեն հարկահանությունից, նույնքան գումար նախատեսվում է նաեւ բյուջեից: Այս դեպքում՝ պետական պարտքը կավելանա 4000 միլիոնով։ Սա է Հայաստանի բյուջեի արդյունքը:
Արդյունաբերողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել էր, թե. հարկահանության արդյունքում թոշակներն ու նպաստերը կավելանան: Չսպասենք նաեւ ա՞յս բարձրացումներին:
-Այն, ինչ որ վարչապետն է ներկայացրել, դատարկաբանություն է՝ տավտալոգիա: Գործարարների հետ հանդիպման ժամանակ նաեւ նշվել է, որ 1,5 կես միլիարդ դոլարի ներդրում է նախատեսվում արտահանումը զարգացնելու համար, սա նույնպես դատարկաբանություն է:
Նույն բիզնեսի զարգացման համար մեկ հարց կա՝ արդյո՞ք Հայաստանում հնարավոր է մենաշնորհը վերացնել, արդյո՞ք Հայաստանը պատրաստ է վերացնել ստվերային տնտեսությունը: Ես նաեւ ծանոթ եմ Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հարցազրույցին, որտեղ նա հստակ ասում է, եթե իշխանությունները օլիգարխների դեմ պայքար չեն մղում, ուրեմն Հայաստանում զարգացում չի լինի:
Ես չգիտեմ գործարարների հետ վարչապետի փակ քննարկման ընթացքում այս հարցը պարոն Ղազարյանը բարձրացրե՞լ է, թե՞ ոչ:
Աշխարհում չես գտնի մի երկիր, որտեղ շաքարավազը, այլուրը ավելի էժան են ներմուծում, քան նրա համաշխարհային գինն է: Համոզված եմ, որ չկա, իսկ Հայաստանում այդպես է: Հայտնի է, որ ներկրողը ԱԺ պատգամավոր, Լֆիկ մականունով Սամվել Ալեքսանյանն է: Նման իրավիճակում վարչապետի ներկայացրած ցանկացած փաստաթուղթ անլուրջ է:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը