Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» դաշինքը տեսանյութ է տարածել, որում դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույց է տվել խմբագիրներին։ Զրույցը կհրապարակվի վաղը։
Կարապետյանը տեսանյութում հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթաց սկսելու մասին՝ ընդգծելով, որ նախընտրական շրջանում ընդդիմադիր դաշտում թույլ տրված սխալների հետևանքով չի հաջողվել ձևավորել միասնական համագործակցություն։
Նրա խոսքով՝ մի շարք ընդդիմադիր ուժեր, որոնք, հնարավոր է, ազնիվ պայքար են մղել, գերագնահատել են իրենց հնարավորությունները, ինչի հետևանքով ընդդիմադիր ճամբարում չի հաջողվել հասնել անհրաժեշտ պայմանավորվածությունների։
«Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես: Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»,- նշել է Կարապետյանը։
Նա ընդգծել է, որ ներկայիս պայմաններում համախմբումը կարևոր նշանակություն ունի երկրի և ժողովրդի համար՝ հույս հայտնելով, որ այն քաղաքական ուժերը, որոնց համար առաջնային է Հայաստանի շահը, կարձագանքեն նախաձեռնությանը։
Կարապետյանի խոսքով՝ նպատակ կա ձևավորել հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Այդ նպատակով նա առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որի շրջանակում քաղաքական ուժերը կկարողանան հրապարակային քննարկումներ անցկացնել, բացահայտ ներկայացնել առկա խնդիրները և համատեղ որոշումներ կայացնել։
«Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր խնդիրները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով՝ որն է ճիշտ, գնանք»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում