Ուզում եմ ասել` ժողովուրդ ջան, մենք լավ ենք. Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԷդմոն Մարուքյան․ «Քաղաքական ամբողջ միտքն ու պոտենցիալը մնացել են խորհրդարանից դուրս»
Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հանդես եկավ ուղերձով՝ շնորհակալություն հայտնելով իր ընտրողներին և կոշտ գնահատականներ հնչեցնելով թե՛ ընտրությունների, թե՛ ձևավորվող քաղաքական համակարգի վերաբերյալ։
Մարուքյանը նախ շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել «Լուսավոր Հայաստանին»՝ նշելով, որ նրանք ընտրել են «քաղաքական միտքը, քաղաքական խոսքը, պառլամենտարիզմի հույսը և իշխանությանը հաշվետու պահող անխոցելի ընդդիմությունը»։ Նա վստահեցրեց իր համակիրներին, որ իրենց ընտրության համար «երբեք չեն փոշմանելու»։
Քաղաքական գործիչը նշեց, որ թիմը չի հուսահատվել ընտրությունների արդյունքներից. «Մենք լավ ենք, ժողովուրդ, մենք շատ լավ ենք ֆիզիկապես, հոգեբանորեն լավ ենք։ Մեր ամբողջ թիմը աշխատանք ունի, ժողովրդի հաշվին ապրելու հարց չենք լուծել ընտրություններով երբեք»։
Մարուքյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական խնդիրները լուծումներ չեն ստանալու, իսկ երկիրը շարունակելու է շարժվել «երրորդ ժամկետով կառավարման ավտորիտար մղձավանջի» ուղղությամբ։ Նրա խոսքով՝ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը նույնպես չեն կարողանա էական հակակշիռ ստեղծել իշխանությանը։
Անդրադառնալով ընտրական գործընթացին՝ Մարուքյանը հայտարարեց, որ քարոզարշավի ընթացքում եղել են «զանգվածային ընտրախախտումներ», անհամաչափ լուսաբանում և անհավասար մրցակցային պայմաններ։ Նա ընդգծեց, որ իր քաղաքական ուժը մասնակցել է ընտրություններին սահմանափակ ռեսուրսներով՝ ինքնաֆինանսավորման պայմաններում։
Ըստ Մարուքյանի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքը փաստացի վերարտադրել է 2021 թվականի քաղաքական պատկերը. «Մեր ժողովուրդը էլի ձայները բաշխել է այդ կերպ, ոնց որ 21 թվականին»։
Նա նաև պնդեց, որ ձևավորվող խորհրդարանը լինելու է «քաղաքական անապատ»՝ հավելելով. «Այն, ինչ խորհրդարան ունեցել ենք, դրանից վատն է լինելու այս խորհրդարանը»։ Մարուքյանի համոզմամբ՝ քաղաքական միտք ունեցող այլ ուժեր չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը, ինչի հետևանքով երկրի առջև ծառացած հիմնարար խնդիրները չեն ստանալու անհրաժեշտ քաղաքական քննարկում։
«Լուսավոր Հայաստանի» առաջնորդը հայտարարեց, որ իր քաղաքական ուժը շարունակելու է գործունեությունը՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ «Մենք ձեզ խոսք ենք տվել, որ անկախ ընտրությունների արդյունքներից մնալու ենք քաղաքականության մեջ»,– ասաց նա։
Մարուքյանը նաև ընդգծեց, որ ընտրողների զգալի հատված շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին, և այդ իրողությունը պետք է հաշվի առնել քաղաքական գնահատականներ տալիս։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերի մի մասը սխալ ռազմավարություն է որդեգրել՝ ընտրողներին վախի մթնոլորտով մոբիլիզացնելու փորձ անելով։
Ելույթի ավարտին Մարուքյանը հայտարարեց, որ «քաղաքական ամբողջ միտքն ու ամբողջ պոտենցիալը մնացել են խորհրդարանից դուրս», սակայն վստահեցրեց, որ իր քաղաքական թիմը շարունակելու է մասնակցել քաղաքական գործընթացներին և ձևավորել օրակարգ։