Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրել․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Փաշինյան․ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը միանձնյա կձևավորի կառավարություն։

«2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան Ազգային ժողովի հերթական ընտրություններ, և ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն»,- մամուլի ասուլիսում ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կուսակցությունը 2021 թվականի ընտրությունների համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայներն ու վստահության քվեները։

«Ուզում եմ ընդգծել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է»,- նշել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները, իր գնահատմամբ, վկայում են պետության, անկախության, ապագայի և խաղաղության օգտին քաղաքացիների կատարած ընտրության մասին։

«Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը»,- հայտարարել է նա։

Դիմելով քաղաքացիներին՝ Փաշինյանն ասել է. «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»։

Իր խոսքը վարչապետն ավարտել է «Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը» արտահայտությամբ։