Աստծուց առաջ եկեք չընկնենք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց Երևանի 29/29 ընտրատեղամասում՝ թոռնուհու հետ։
Լրագրողների հարցին, թե ինչ տրամադրությամբ է եկել քվեարկության, Ծառուկյանը պատասխանեց. «Թոռնիկիս հետ եմ եկել, ուրեմն՝ ամենաբարձր տրամադրությամբ եմ»։
Ծառուկյանի խոսքով՝ այս ընտրություններում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը պայմանավորված է մեծ փոփոխությունների ակնկալիքով։
«Ժողովուրդը հոգնել է, փոփոխություն է ուզում, դրա համար էլ մասնակցության թիվը մեծ է», - նշեց նա։
Հատկանշական էր, որ ընտրատեղամասը տեղակայված է այն նույն մանկապարտեզում, որտեղ շուտով հաճախելու է նրա թոռնուհին։ Մինչ քվեարկելը Ծառուկյանը լրագրողներին ասաց՝ թողեք մտնենք շենք և աղջկաս ցույց տամ իր մանկապարտեզը։
Այնուհետև լրագրողների ուղեկցությամբ Ծառուկյանը մտավ ընտրատեղամաս և կատարեց իր ընտրությունը։
Քվեարկությունից հետո արդեն համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին։ Զրույցի ընթացքում լրագրողներից մեկը նրան սխալմամբ դիմեց «պարոն Կարապետյան», ինչը ծիծաղ առաջացրեց ներկաների, այդ թվում՝ հենց Ծառուկյանի մոտ։
Անդրադառնալով ընդդիմության հնարավորություններին՝ ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ «մենք արդեն հաղթած ենք»։ Իսկ այն հարցին, թե ինչ կլինի, եթե ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում, նա ծիծաղելով արձագանքեց. «Անհարմար է, աղջի»։
Ծառուկյանը պնդեց նաև, որ ընտրության օրը ճնշումներ են գործադրվել իրենց թիմի նկատմամբ։
«Էսօր մի 50 հոգի մեր մարդկանցից տարել են, բայց էդ ճնշումները մեր վրա չեն ազդելու», - ասաց նա՝ հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդեն համարում է պարտված։
Իր խոսքի ավարտին Ծառուկյանը կոչ արեց չշտապել գնահատականներ տալու հարցում և վստահություն հայտնեց, որ «երկիրը շուտով ծաղկելու է»։
«Աստծուց առաջ եկեք չընկնենք։ Իմ ժողովրդի առաջ լույս է բացվելու», - ասաց նա։
Ծառուկյանը նաև անդրադարձավ իր կողմից նախաձեռնված Քրիստոսի արձանի նախագծին՝ հայտարարելով, որ դրա իրականացումը կարող է զգալի խթան հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար։
«Միայն Քրիստոսի արձանը որ բացեմ, զբոսաշրջությունն է զարգանալու, տարեկան 50-100 միլիարդ փող ա գալու, ժողովուրդը լավ ա ապրելու», - նշեց նա։