Հայաստանը պարտվեց ՄԻԵԴ-ում՝ 13 տարի, 5 ամիս և 1 օր տեւած դատական քաշքշուկի գործով
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի մայիսի 21-ին հրապարակել է վճիռ՝ «Լենա Հակոբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» եւ «Ղազարյանն և այլոք ընդդեմ Հայաստանի» գործերով (13721/23 եւ 34254/23)։
Հաշվի առնելով դիմումների նմանատիպ առարկան, Դատարանը նպատակահարմար է գտել դրանք համատեղ հրապարակել մեկ վճռով:
Դատարանը ոչ միայն արձանագրել է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, այլև Հայաստանի իշխանություններից պահանջել է արմատական բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում։
Գործի հիմքում ընկած են Հայաստանի քաղաքացիների բողոքները, որոնց դատական գործերը հայաստանյան ատյաններում տևել են 7-ից մինչև 13 տարի, 5 ամիս։
Հատկանշական է դիմումատուներից Լենա Հակոբյանը, որի հողային վեճը սկսվել էր դեռևս 2012 թվականին և շարունակվում էր նույնիսկ 2025 թվականի դրությամբ, մահացել է մինչև վճռի կայացումը, 2024 թվականին, իսկ նրա գործը Ստրասբուրգում շարունակել է դուստրը։ Ընդ որում` գործը Եվրադատարան է մուտքագրվել` ՀՀ ներպետական դատական ատյանները չսպառած։
ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ խախտվել է դիմումատուների՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը (Կոնվենցիայի 6-րդ հոդված)։
Հայաստանի կառավարությունը փորձել է համոզել Դատարանին, որ երկրում գործում է նման դեպքերի համար փոխհատուցման արդյունավետ մեխանիզմ (Քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2 հոդվածներ)։ Սակայն ՄԻԵԴ-ը չի ընդունել է այս պնդումը։
Բացի այդ` Եվրադատարանը մատնանշել է, որ հայաստանյան դատարանները քաղաքացիների վրա անհամաչափ ծանր բեռ են դնում՝ պահանջելով ապացուցել, որ ձգձգումներն իրենց մեղքով չեն եղել։
Օրինակ՝ դիմումատուներից պահանջել են ներկայացնել բոլոր դատական նիստերի ձայնագրությունները՝ հիմնավորելու համար, որ իրենք չեն պատճառ հանդիսացել գործի երկարաձգմանը։ Ընդ որում` հենց այդ «փոխհատուցման» համար նախատեսված դատական վարույթները Հայաստանում տևում են 3-ից 5 տարի, ինչն ինքնին անհեթեթություն է։
«Դատարանը մտահոգությամբ նշում է, որ դատական վարույթների տևողության վերաբերյալ բողոքների համար Հայաստանի փոխհատուցման միջոցն ակնհայտորեն չի բավարարում արդյունավետության պահանջներին, որոնց պետք է համապատասխանի նման պաշտպանության միջոցը ։ Հետևաբար, այն հորդորում է ներպետական իշխանություններին, որպես առաջնահերթության խնդիր, ներդնել փոխհատուցման միջոց, որը հատուկ նվիրված կլինի վարույթների գերազանցող տևողության վերաբերյալ բողոքներին՝ համաձայն Դատարանի վերոհիշյալ չափանիշների ՝ ներկա գործի նման խախտումների համար իրապես արդյունավետ պաշտպանություն ապահովելու նպատակով, չբացառելով նաև արագացման (acceleratory) միջոցի ներդրման հնարավորությունը»,- ասված է որոշման մեջ։
Հաշվի առնելով խնդրի համակարգային բնույթը՝ ՄԻԵԴ-ը կիրառել է Կոնվենցիայի 46-րդ հոդվածը և Հայաստանին «հորդորել» առաջնահերթության կարգով ներդնել հատուկ փոխհատուցման մեխանիզմ։ Այդ մեխանիզմը պետք է լինի պարզ և արագ, ունենա հետադարձ ուժ (տարածվի նաև արդեն իսկ ձգձգված գործերի վրա), չդնի քաղաքացու վրա ապացուցման անիրական պահանջներ։
Որպես փոխհատուցում, ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուներին վճարել ընդհանուր առմամբ 9,600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 1,000 եվրո՝ դատական ծախսերի համար։
Բոլոր վճարումները պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության կողմից՝ վճռի վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում։