Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համագործակցության միտքն անգամ աբսուրդային է»

Հարցազրույց
d4780b2bfe002f6e3c48447ee9471a12

Հարցազրույց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամ, ՀԱԿ-իշխանություն հնարավոր շփումների համակարգող  Մանուշակ Պետրոսյանի հետ:       

-Տիկին Պետրոսյան, ո՞րն է լինելու ձեր առաքելությունը այս փուլում, ինչի՞ մասին երեկ ազդարարեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

-Իշխանական կոալիցիա-ՀԱԿ բանակցությունների ձեւաչափը չի փոխվել: Իմ խնդիրն է, ինչպես նշեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կապի հաստատումը. հնարավոր է, որ այս փուլում առաջանան հարցեր, խնդիրներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ լինի որոշման կայացում, որը պետք է կատարվի երկու կողմերի առաջին դեմքերի միջեւ: Ինչպիսի որոշում, ինչպիսի տեսակետ ձեւավորվի' այն իր անդրադարձը գտնելու է, տեղավորվելու է երկխոսության աշխատանքային գործընթացի մեջ: Այսինքն, որեւէ նոր ձեւաչափի, որեւէ արտակարգ իրավասությունների, լիազորությունների մասին այստեղ խոսք չկա: Ընդամենը հնարավորություն է օպերատիվ աշխատելու նախագահական աշխատակազմի հետ, դա միայն պետք է աջակցի ՀԱԿ-ի եւ իշխանական կոալիցիայի  բնակցությունների գործընթացին:

 

-Տիկին Պետրոսյան, համակարգելո՞ւ եք միայն նախագահի եւ իշխանության հնարավոր շփումները, թե՞ նաեւ ՀԱԿ-ի հանձնախմբի եւ իշխանական կոալիցիայի բանակցային գործընթացը:

-Ես ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամ եմ ընդամենը, մեր պատվիրակության ղեկավարը ՀԱԿ-ի կենտրոնական գրասնյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն է, իրավասությունների առումով ոչինչ չի փոխվել։ Բանակցություններ վարելու եւ որոշում կայացնելու իրավասությունը ՀԱԿ-ի պատվիրակության անդամներին եւ իհարկե՝ Լեւոն  Զուրաբյանին է պատկանում որպես պատվիրակության ղեկավար, որին լիազորույթյունները տվել է ՀԱԿ-ը: Սա ավելի տեխնիկական, աշխատանքային պարտականություն է, որը պետք է աջակցի մեր պատվիրակության աշխատանքի ավելի արագ եւ արդյունավետ գործունեությանը: Որեւէ իրավասության խնդիր չկա, մեր պատվիրակության լիազորությունները, նրա անելիքները, ինչպես սահմանվել են բանակցությունների մեկնարկին, մնում են նույնը:

 

-Ի՞նչ սպասելիքներ ունեք այս վերստին ակտիվացած, նոր թափ ստացած շարժումից:

-Շարժումը վերստին չի սկսվել, այն շարունակվում է. ուղղակի համաժողովրդական շարժումը այս 4 տարիների ընթացքում հետեւողականորեն սահմանել է իր բոլոր խնդիրները, մենք հետեւողականորեն առաջնորդել եւ առաջնորդում ենք այդ շարժումը: Ու չնայած այն հարվածներին, որ ստացավ շարժումը, այնուամենայնիվ, մենք բոլորս պետական մտածողություն ունեցող անձինք ենք  եւ անում ենք առավելագույնը, որ սահմանադրական պայքարի ընթացքում չվնասվի մեր պետականությունը, եւ ինչպես ասվել է՝ մեր հիմնական խնդիրն է պարբերաբար բանակցությունների եւ քննարկումների միջոցով  հասնել բոլոր նախանշված խնդիրների լուծմանն ու կարգավորմանը... Շարժումը երբեք չի մարել, սա ուղղակի մարտավարական նոր մոտեցում է։

 

-Այսօր արդեն կարծիքներ են հնչում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կա պայմանավորվածություն, որ ամեն գնով, թեկուզ շուրջօրյա հանրահավաքների, կանխվի Ռեբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս վարկածը:

-Այնքան աբսուրդ եմ համարում այդ միտքն անգամ, որ այն մեկնաբանելու կարիք չեմ տեսնում:

 

-Իսկ ԵԽԽՎ նիստին ընդառաջ ՀԱԿ ակտիվացումը Ձեր կարծիքով հետեւանքներ կունենա՞ ՀՀ-ի վերաբերյալ զեկույցի վրա, որը ինչպես հայտնի է բավականին դրական է:

 -Վերջին 4 տարիների ընթացքում այս կամ այն ձեւով մեր շարժումը ակտիվություն ցուցաբերել է ԵԽԽՎ նիստերից առաջ եւ հետո, մենք միշտ հետամուտ ենք եղել մեր գնահատականները, մեր փաստարկները միշտ ներկայացրել ենք ԵԽ-ում, այնպես որ ոչ մի նոր բան այստեղ չկա, իսկ մեր ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում մշտապես ներկայացրել է մեր հռչակած նպատակները, խնդիրները, հարցադրումները:

Երկրորդը՝ այդ նախագիծը, որ ներկայացված է, չի կարելի դրական համարել, քանի որ դրականն այն է, որը համահունչ է մեր երկրի իրական իրավիճակին, պահանջների եւ իրավիճակի համարժեք գնահատականն է տալիս: Տվյալ դեպքում դա կարող եմ ասել, ուղղակի ծաղրանք է, հատկապես մարտի 1-ի էջը փակված համարելու դրույթը: Դա իրոք անընդունելի է մեր ժողովրդի կողմից: Այդ էջը կարող է համարվել փակված, եթե հայտնաբերվեն սարսափելի սպանդի հեղինակները, կազմակերպիչները, կատարողները, եւ կրեն իրենց արժանի պատիժը, միայն այդ դեպքում մենք կարող ենք  էջը փակված համարել: Բայց մենք գիտենք, որ առ այսօր ոչ մի գնահատական չի տրվել ոչ քաղաքական, ոչ իրավական: Որեւէ հետաքննություն, ըստ էության չկատարվեց, այս ամբողջ թատրոնը հետաքննության, նպաստել է մի բանի, որ քողարկեն իրական հանցագործներին:

Ինչ վերաբերում է նրան, թե կարող է նախագիծը փոփոխություն կրել, ապա ՀԱԿ-ն  ամեն ինչ անելու է, որ փաստաթուղթն այդ տեսքով չընդունվի: Հայաստանյան իրավապաշտպան եւ հասարակական շատ կազմակերպություններ էլ հիմնավոր բողոքի նամակներ են ուղարկել ԵԽԽՎ, որպեսզի նման փաստաթուղթ չընդունվի:

-Եթե առաջիկա շաբաթվա ընթացքում իշխանական կոալիցիան սկսի ընտրական օրենսգրքի փարեփոխումներին միտված քննարկումներ, ՀԱԿ-ը կդադարեցնի՞ շուրջօրյա հանրահավաքները, թե այնուամեյանիվ, արտահերթ ընտրություններն են օրակարգի թիվ 1 խնդիրը:

 -Թե առաջին նախագահի ելույթում, եւ թե մյուս ելույթներում ասվել է, որ հիմնական հարցը արտահերթ ընտրություններն են:

-Այո, առաջին երկու հարցերն են' սկսել «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ եւ մինչեւ տարեվերջ անցկացնել արտահերթ ընտրություններ:

- Այսինքն, պետք է ամենակարեւոր հարցերն ունենան պատասխաններ. բանակցությունների ընթացքում էլ հենց այդ հարցն է առավել կարեւորվել, ավելին,բանակցությւններում  մեր օրակարգի միակ հարցը արտահերթ ընտրություններն են:  Ես շատ կցանկանայի, որ փոխզիջումային մի տարբերակով ինչ-որ ողջամիտ լուծման հանգեին բանակցությունները, դա լավագույնը կլիներ մեր երկրի համար։ Մենք առաջին հերթին ցանկանում ենք, որ բոլոր այդ փոփոխությունները' սահմանադրական կարգի վերականգնում եւ մնացած խնդիրների լուծումը, լինեն խաղաղ եւ բարեկիրթ մթնոլորտում, որին մասնկացելու է իհարկե ժողովուրդը, իսկ մյուս  հարցերը, որոնք եւս շատ կարեւոր են, առանց այս երկու կարեւոր խնդրի, չեն կարող հավակնել ողջամտության սահմաններում լուծումների:

 

-Եթե այնուամենայնիվ, 1 շաբաթվա ընթացքում չարվեցին ՀԱԿ -ի ղեկավարի հնչեցրած  պահանջները, ո՞րն է լինելու հաջորդ քայլը:

-Մեր հաջորդ քայլը կքննարկվի հրապարակում ժողովրդի հետ եւ այն ժամանակ միայն կընդունվեն որոշումները:  

 

Զրուցեց Դիանա Մարկոսյանը