Պատերազմի ժամկետը վարչապետը պայմանական է ասել, շանտաժ չի. Միրզոյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄիրզոյանը ընդգծեց, վտանգավոր է այն հռետորաբանությունը, որը կասկածի տակ է դնում պետության ներկա սահմաններն ու գոյությունը։
« Ընդդիմադիր որոշ շրջանակների գաղափարախոսությունն այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք։ Ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ, եթե իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ։ Եվ հաշվի առնելով, թե հիմա խնդիրներն այս օրերին երկրները ինչ մեթոդաբանության են փորձում լուծել՝ շատ մեծ հավանականությամբ Հայաստանն անմիջապես կկանգնի պատերազմի առաջ»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ այստեղ շանտաժ չկա, այլ քաղաքական դիրքորոշում․ իշխանությունն առաջարկում է խաղաղություն՝ զգուշացնելով, որ այլընտրանքային մոտեցումների դեպքում վտանգի տակ կարող է հայտնվել ոչ միայն երկրի զարգացումը, այլև անկախությունը։ «Մեզ մեղադրում են, որ խաղաղության կողմն ենք, մինչդեռ մյուսների առաջարկները վտանգավոր են և կարող են բերել պատերազմի»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց գնահատականները երբեմն դիտարկվում են որպես ընտրական պայքարի գործիք։
«Շանտաժի էլեմենտ չկա, ինչո՞ւ ենք այդպես ասում՝ լավ ենք անում, մեր քաղաքական առաջարկն է»։
Անդրադառնալով պատերազմի պատասխանատվությանը՝ Միրզոյանը նշեց, որ այն տեղի է ունեցել գործող իշխանության օրոք, սակայն դրա պատճառները ձևավորվել են տասնամյակների ընթացքում՝ սխալ քաղաքական հաշվարկների հետևանքով։
«Պատերազմը եղավ մեր օրոք, բայց դա 30+ տարիներ սխալ քաղաքական մտքի շրջանակում մնալու հետևանք էր»:
Նրա խոսքով՝ նույնիսկ հնարավոր զիջումների հարցը բարդ էր՝ հաշվի առնելով հասարակական ընկալումները․ «Եթե փորձեինք կանխել արյունահեղությունը մեծ զիջումների միջոցով, հարց է՝ ինչպես կընդունվեր դա հանրության կողմից»։
Գերիների խնդրի առնչությամբ նախարարը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակում է պնդել բոլորի ազատ արձակումը՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանային խաղաղության ամրապնդման կարևոր քայլ.
«Վստահ ենք՝ բոլորի ազատ արձակումը կփաստի ու կամրապնդի ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը»։
Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունները չեն դանդաղել, աշխատանքները շարունակվում են համապատասխան փաստաթղթի շուրջ։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է խաղաղության լիակատար պահպանմամբ։ Նա նաև ցավ հայտնեց Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ այն բնութագրելով որպես բարեկամ ժողովրդի խնդիր։
Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանը շարունակում է պահպանել իր կարևորությունը որպես տարանցիկ երկիր և հույս ունի, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների շուտափույթ ավարտը ոչ միայն չի նվազեցնի այդ դերը, այլև նոր հնարավորություններ կստեղծի երկրի համար։