Երևանում կմեկնարկի «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 23–27-ը Հայաստանում կանցկացվի «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։
ԲՏԱՆ կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանը հայտարարել է, որ միջոցառումը պետություն–մասնավոր հատված համագործակցության արդյունավետ օրինակ է։ Նրա խոսքով՝ այն միավորում է պետական և մասնավոր հատվածների աշխատանքը, ինչի արդյունքում հնարավոր է դառնում ոլորտում դրական գործընթացների ձևավորումը և առկա մարտահրավերների լուծումը։ Սարգսյանը նշել է, որ շաբաթվա շրջանակում քննարկումները կարող են դառնալ խնդիրների լուծման նոր հարթակ։
Օպերատորների միության գործադիր տնօրեն Քրիստինե Գյոնջյանն իր հերթին ընդգծել է, որ միջոցառումը համախմբելու է հեռահաղորդակցության օպերատորներին, պետական և կարգավորող մարմիններին, ինչպես նաև միջազգային ու տեղական տեխնոլոգիական ընկերություններին և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներին։
Նրա խոսքով՝ կապն այսօր այլևս պարզապես տեխնոլոգիա չէ, այլ տնտեսության կառավարման և հասարակության զարգացման հիմք։ «Այս գաղափարի շուրջ էլ ձևավորվել է մեր այս տարվա կարգախոսը՝ Միասին հուսալի կապի և թվային ապագայի համար»,- նշել է Գյոնջյանը։
Նա նաև հավելել է, որ «Հեռահաղորդակցության շաբաթը» հարթակ է, որտեղ ձևավորվում են ոլորտի ապագան կերտող գաղափարներ և համագործակցություններ։
Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ․ մարտի 23-ին տեղի կունենա պաշտոնական բացումը, մարտի 24-ին՝ Հեռահաղորդակցության միջազգային միության համաժողով՝ նվիրված արհեստական բանականությանը, մարտի 25-ին՝ ՏՀՏ կարգավորման հարցերին նվիրված սեմինար և կլոր սեղան քննարկում։ Մարտի 26-ը նվիրված է լինելու հեռահաղորդակցության ենթակառուցվածքների այցելություններին, իսկ մարտի 27-ը հայտարարվել է ակադեմիական օր՝ նպատակ ունենալով ներգրավել ուսանողներին և երիտասարդներին ոլորտում։
Գևորգ Սարգսյանի խոսքով՝ նախաձեռնությունը նաև լավ հնարավորություն է երիտասարդներին ոլորտ ներգրավելու համար։ Նա հույս է հայտնել, որ միջոցառումը կհետաքրքրի շատերին և կհանգեցնի նոր համագործակցությունների ձևավորմանը, որոնք կնպաստեն հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը։