Մեզ սպասվում են 3 հրաշալի գարնանային օրեր, բայց․․․ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում վերջին օրերին եղանակային պայմանները պայմանավորված են Միջերկրական ծովից ներթափանցած հզոր ցիկլոնով։ Այդ մասին հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Վերջին երկու օրերին հանրապետության մի շարք հատվածներում գրանցվել են առատ տեղումներ։ Մասնավորապես՝ Ամբերդի հատվածում տեղումների քանակը հասել է 107 մմ-ի, ինչը մոտավորապես կրկնակի գերազանցում է տվյալ շրջանի ամսական նորման։ Եթե համեմատենք Երևանի մարտ ամսվա միջին ցուցանիշի հետ, ապա արձանագրված տեղումները գրեթե եռապատիկ են։
Այսօր ևս օրվա ընթացքում հանրապետության տարբեր շրջաններում ժամանակ առ ժամանակ կշարունակվեն տեղումները։ Սակայն լուսադեմից սկսած դրանք կդադարեն, և արդեն մարտի 17-ի ցերեկից մինչև մարտի 19-ը Հայաստանում կհաստատվի առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ մարտի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում այն կբարձրանա մոտ 4–6 աստիճանով։ Օդերևութաբանի խոսքով՝ հատկապես հովտային և նախալեռնային շրջաններում արդեն կարելի է ասել, որ գարունը հաստատվել է։
Սակայն կայուն տաք եղանակը երկար չի տևի։ Մարտի 19-ի ուշ երեկոյան և մարտի 20-ին Հայաստանին կրկին կմոտենա նոր ցիկլոն՝ կրկին Միջերկրական ծովի շրջաններից։ Արդյունքում հանրապետության ողջ տարածքում տեղումները կվերսկսվեն։ Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, իսկ հովտային և նախալեռնային գոտիներում՝ անձրև։