Վիզաների ազատականացումը մարդկանց մասին է․ ՆԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 12-ին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման համատեքստում ՀՀ կողմից գլխավոր բանակցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ԵՄ Ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները հանդես են եկել հայտարարություններով և պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ ՆԳ նախարարի ելույթը․
«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում։ Պարոն հանձնակատարի այցը կարևոր փուլ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ներքին գործերի ոլորտում համագործակցության զարգացման տեսանկյունից։ Հատկանշական է, որ պարոն Բրունները ԵՄ ներքին գործերի և միգրացիայի առաջին հանձնակատարն է, ով այց է կատարում Հայաստան։ Այս փաստն արդեն իսկ վկայում է մեր հարաբերությունների խորացման մասին։
Հայաստանի և Եվրոպական միության համագործակցությունը տարիների ընթացքում ձևավորվել է որպես վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերություն։ Այսօր այդ համագործակցությունը ընդգրկում է մի շարք կարևոր ուղղություններ՝ միգրացիայի կառավարում, կազմակերպված հանցավորության դեմ պայքար, ոստիկանության բարեփոխումներ և այլն։
Հանձնակատար Բրունների հետ քննարկել ենք Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հատկապես միգրացիայի և անվտանգության ոլորտներում։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց նաև վիզաների ազատականացման երկխոսությանը, որը մեր քաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող գործընթաց է։
Կցանկանայի նաև ընդգծել, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացմանն ուղղված երկխոսությունը ներկայումս Եվրոպական միության կողմից վարվող միակ ակտիվ նման գործընթացն է, ինչը կարևոր քաղաքական ազդակ է և արտացոլում է մեր համագործակցության խորությունը։
2024 թվականի սեպտեմբերին մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսությունը կարևոր փուլ է Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացման մեջ։ Այս գործընթացը մեր երկրի համար միայն ճամփորդության դյուրացման մասին չէ։ Այն ընդգրկում է լայնածավալ բարեփոխումների օրակարգ, որը նպատակ ունի ամրապնդել մեր պետական ինստիտուտները, բարելավել միգրացիայի և սահմանների կառավարումը, ինչպես նաև զարգացնել միջազգային իրավապահ համագործակցությունը։ Հիշեցնեմ նաև, որ Հայաստանը, համադրելի երկրների շարքում, երկխոսության մեկնարկից ի վեր ռեկորդային արագ ժամանակահատվածում ստացավ Գործողությունների ծրագիրը։
Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող կարևոր եմ համարում նշել, որ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանն արդեն իսկ արձանագրել է շոշափելի առաջընթաց։ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել Եվրոպական միության Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված բոլոր չափանիշները։
Այս գործընթացը արդյունավետ համակարգելու նպատակով ստեղծվել են համապատասխան համակարգման մեխանիզմներ։ Փոխվարչապետի գրասենյակի գլխավորությամբ ձևավորվել է համակարգող աշխատանքային խումբ, որի շրջանակում իրականացվում է Հայաստանի օրենսդրական և քաղաքական շրջանակի գնահատում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի չորս հիմնական ուղղություններով։
Միաժամանակ, Ներքին գործերի նախարարի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական փորձագիտական աշխատանքային խումբ։ Այս հարթակում պարբերաբար անցկացվում են միջգերատեսչական քննարկումներ՝ ուղղված կոնկրետ հենանիշների իրականացմանը։
Կարևոր քայլ էր նաև առաջին գնահատման ԵՄ առաքելության անցկացումը, և մենք ակնկալում ենք առաջընթացի վերաբերյալ վերջնական զեկույցը ստանալ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Վստահ եմ արդյունքները երկուստեք գոհացուցիչ կլինեն։ Այսօրվա իմ քննարկումները հանձնակատարի հետ ինձ թույլ են տալիս այս մասին առավել մեծ վստահությամբ խոսել։
Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար։ Այն կխթանի մարդկանց միջև շփումները, կրթական և մշակութային փոխանակումները, ինչպես նաև գործարար կապերի զարգացումը։
Հայաստանը շարունակելու է սերտ համագործակցությունը Եվրոպական միության և միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու այս գործընթացի հաջող իրականացումը»։