Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայաստանի սուվերեն տարածքում` ադրբեջանական դիրքեր.ակցիա (տեսանյութ)

Կառավարության շենքի մոտ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամներն այսօր ակցիա էին իրականացնում: Նրանք նամակ փոխանցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ սահմանային իրավիճակի վերաբերյալ։

Նրանց խոսքով՝ նամակում ներկայացված են փաստեր և հարցադրումներ՝ կապված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանային անվտանգության հետ։

Քաղաքական գործիչ Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ իրենք մի կողմ են դրել իրենց քաղաքական հայացքները ու միավորվել, քանի որ ավելի կարևոր հարց կա.

 «Սա վերաբերվում է մեր անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, և բոլորս մեր քաղաքական հայացքները պետք է մի կողմ դնենք և հասկանանք՝ ինչ է տեղի ունենում»։

Նրա խոսքով՝ իրենք դիմում են նաև այն քաղաքացիներին, որոնք պատրաստվում են իրենց ձայնը տալ իշխանությանը՝ կոչ անելով անտարբեր չլինել երկրի անվտանգության հարցերին.

 «Ես ուզում եմ ասել, որ մենք հիմա գտնվում ենք այն իշխանության ղեկավարության ներքո, որը մեզ տանելու է կործանման։ Ես դիմում եմ այն մարդկանց, որոնք ուզում են իրենց ձայնը տալ ՔՊ-ին․ չի կարելի լինել անտարբեր, չի կարելի թույլ տալ, որ կործանեն մեր անկախությունը»,– ասաց նա։

«Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Վարդան Փաշոյանն իր հերթին տեղեկացրեց, որ նամակը հասցեագրված է  անձամբ Նիկոլ Փաշինյանին և վերաբերում է հատկապես Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանային իրավիճակին։ Նրա խոսքով՝ ցանկանում են պարզաբանումներ ստանալ ադրբեջանական ներխուժումների և դրանց հերքման մասին, քանի որ այդ տարածքները Հայաստանի սուվերեն տարածքներ են, և այնտեղ տեղի ունեցող ներխուժումները պետք է դատապարտվեն։

Փաշոյանի գնահատմամբ՝ առկա զարգացումները հիշեցնում են Արցախում տեղի ունեցած գործընթացների սցենարը, երբ իշխանությունները նախ հայտարարում էին, թե վտանգներ չկան, իսկ հետագայում Ադրբեջանը ներխուժումներով ամրապնդում էր դիրքերը և առաջ շարժվում։ Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակը հետագա ներխուժումների կանխարգելումն է, և եթե հասարակությունը «դուրս գա թմբիրից», իրենց գործողությունները կարող են ազդեցություն ունենալ։

«Արժանապատվության շարժման» համակարգող, նախաձեռնության գործընկեր Լևոն Չուկակլյանի  խոսքով՝ սահմանային ամենօրյա ներխուժումները սպառնալիք են Հայաստանի համար, իսկ իշխանությունները դրանք հերքում են։

Չուկակլյանի գնահատմամբ՝ հասարակությանը ներկայացվող օրակարգում գերակշռում են սոցիալական և տնտեսական թեմաները, մինչդեռ անվտանգության հարցերը մղվում են երկրորդ պլան։

«Մենք փաստացի չունենք խաղաղություն, մինչդեռ հանրային օրակարգ են լցվում տնտեսության, սոցիալական տարբեր հարցերի, կարկանդակներ ուտելու ու կուկուռուզ կրծելու մասին թեմաներ», - ասում է նա:

«Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արեգ Սավգուլյանը հայտարարեց, որ այսօր գոյություն ունի «երկու իրականություն»։

Նրա խոսքով՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծվել է սահմանազատման հանձնաժողով, սակայն դրան զուգահեռ, իր գնահատմամբ, գործում է մեկ այլ՝ հասարակությանը անհայտ հանձնաժողով, որի գործունեության արդյունքում Ադրբեջանը կարողանում է ամրապնդել դիրքերը ՀՀ սահմանամերձ հատվածներում։

Սավգուլյանի խոսքով՝ իշխանությունները պետք է լինեն ազնիվ ու թափանցիկ և պարզաբանեն տեղի ունեցողը, քանի որ, նրա գնահատմամբ, հրանոթների ձայների բացակայությունը դեռ չի նշանակում, որ երկրում խաղաղություն է հաստատվել։