Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչքան Փաշինյանի մտահորիզոնը «լայնանում ա», էնքան Հայաստանը նեղանումա. աշխարհացունց տղայա (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» խմբակցություն  ղեկավար Հայկ Մամիջանյանն ասում է՝ չունի բացատրություն, թե ինչու IRI կազմակերպության հրապարակած հարցման մեջ ներկայացված չեն Հանրապետական կուսակցության կամ «Պատիվ ունեմ» դաշինքի արդյունքները։ Միևնույն ժամանակ Մամիջանյանը շեշտեց, որ այդ վարկանիշներն իր համար առաջնային նշանակություն չունեն։

«Մեզ հետաքրքրում է միայն մի բան՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը»,– ասաց նա։

Մամիջանյանի խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար։ Նա նշեց, որ վտանգված է նաև Մեղրիի հարցը, իսկ Բաքվում քննարկվում է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի լայնությունը։

«Եթե Հայաստանը դառնա Երևանի չափ, ես կամ մեր քաղաքական ուժը լինենք առաջին տղան այդ փոքր տարածքում, կներեք՝ դա մեզ չի հետաքրքրում»,– ասաց պատգամավորը։

Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումների հրապարակված տվյալներին՝ նա պնդեց, որ իշխանության ներկայացուցիչները ճիշտ չեն մեկնաբանում այդ թվերը։ Նրա խոսքով՝ եթե դրանք վերածվեն էլեկտորալ վարկանիշի համապատասխան հաշվարկների, ապա գործող վարչապետի դիրքերը, ըստ իրեն, այնքան էլ բարենպաստ չեն։

Մամիջանյանի խոսքով՝ ընդդիմության խնդիրներից մեկը նաև հասարակությանը համոզելն է, որ արժեքային մի շարք հարցերում դիրքորոշումը կապված է քաղաքական ընտրության հետ։

Պատգամավորը նաև արձագանքեց իշխանության այն գնահատականներին, թե Հայաստանը ներկայումս «խաղաղության կղզյակ» է տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները հակասում են իրականությանը՝ հիշեցնելով Ադրբեջանի ղեկավարության կոշտ հայտարարությունները և պատերազմի հետևանքով առկա խնդիրները։

«Եղոյանն ասում է՝ Հայաստանը խաղաղության կղզյակ է, դրանից մի քանի օր առաջ Ադրբեջանը մեզ անվանում է թշնամի ու ասում, որ հայերի գլուխը երկաթե բռունցքով է ջարդել։ Սրան գումարենք մեր գերիների ու անհետ կորածների փաստը․ ասեք՝ սա խաղաղությո՞ւն է, թե՞ ոչ»,– ասաց Մամիջանյանը։

Նա նաև նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստ գումարելը ինքնին դեռ չի նշանակում, որ իրականացվում են բավարար քայլեր անվտանգության ապահովման ուղղությամբ։

«Ինչքան Փաշինյանի մտահորիզոնը լայնանում ա, էնքան Հայաստանը նեղանում ա»,– ասաց Մամիջանյանը՝ քննադատելով իշխանության մոտեցումները։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, և, ըստ նրա, անհրաժեշտ են կանխարգելիչ քայլեր։

«Չի կարելի նստել ասել՝ ես խաղաղություն եմ բերել, մեզ ոչ մի բան չի կպնի։ Չէ, հայ հայ է՝ տարածաշրջանը պայթելու է, պետք է կանխարգելիչ գործողություններ անել»,– նշեց նա։

Անդրադառնալով ընդդիմության քաղաքական քայլերին՝ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենց առաջարկած ճանապարհը իշխանափոխության հասնելու համար իմփիչմենթի գործընթացն է։

«Այո, մեր ներկայացրած ճանապարհը, որով կհասնենք իշխանափոխության, իմփիչմենթն է, որը մեր ընկալումներով հավասարազոր է փողոցային պայքարին»,– ասաց նա։

Նա նաև նշեց, որ եթե իրենց նման մտածող քաղաքական ուժեր կամ գործիչներ կան, իրենք պատրաստ են համագործակցության և սպասում են նրանց արձագանքին։