«Նախընտրական փուլում նման բաները պատահական չեն լինում»․ ո՞րն է Փաշինյանի ամուսնալուծության՝ քաղաքական ուղերձը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի բաժանման մասին հայտարարությունները հանրային լայն արձագանք են ստացել։ Թեև խոսքը վերաբերում է անձնական կյանքին, այն արդեն մտել է քաղաքական հաղորդակցության տիրույթ։
« Ա1+»-ի հետ զրույցում Հայկական փիար ասոցիացիայի նախագահ, Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը նշում է՝ վարչապետի ընտանիքում տեղի ունեցող նման իրադարձությունը չի կարող չքննարկվել քաղաքական համատեքստում։
«Քաղաքական փիարում անձնական կյանքը երբեք ամբողջությամբ մասնավոր չէ։ Այն հանրային կերպարի բաղադրիչ է, իսկ նախընտրական շրջափուլում յուրաքանչյուր նման քայլ ընկալվում է ոչ միայն որպես անձնական որոշում, այլ նաև որպես խորհրդանշական հաղորդագրություն»,- ասում է Ավետիսյանը։
«Մենք հաղորդակցության երկրորդ փուլում ենք»
Փորձագետի դիտարկմամբ՝ Աննա Հակոբյանը օրեր առաջ տվել էր առաջին ազդակը՝ հայտարարելով, որ ավարտված է իրենց քաղաքացիական ամուսնությունը։ Սակայն այդ փուլում ինտրիգն ավելի մեծացավ, քան պարզաբանումը․ հասարակության մի հատված նույնիսկ ենթադրեց, թե խոսքը ոչ թե բաժանման, այլ նոր՝ պաշտոնական ամուսնության մասին է։
«Հավանաբար այս քաղաքական հաղորդագրությունը մի քանի փուլերից է կազմված, և մենք հիմա երկրորդ փուլում ենք, որտեղ վերահաստատվում է տեղեկատվությունը։ Երկրորդ թիրախավորված հարվածն արդեն հստակեցնում է, որ ընտանիքի մետաֆորան խարխլված է»,- նշում է նա։
Իմիջի վերաձևավորում՝ «ֆրեյմինգ»
Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ քաղաքական հաղորդակցության մեջ նախընտրական շրջանում հաճախ կիրառվում է իմիջի վերակազմակերպման կամ վերաձևավորման մեխանիզմը՝ «ֆրեյմինգը»։
2018-ին վարչապետի կերպարի կարևոր բաղադրիչներից մեկը, ըստ փորձագետի, ընտանիքի միասնականության նարատիվն էր․ շատերի համար Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած կինը լրացնում էր «թիմ», «ընտանիք», «համախմբվածություն» պատկերացումը։
«Երբ այդ սիմվոլիկ կառուցվածքը փոխվում է, փոխվում է նաև հանրային ընկալումը։ Սա կարող է դիտարկվել երկու տեսանկյունից՝ կամ առաջնորդը ցանկանում է, միգուցե նաև նրան պարտադրում են ներկայանալ որպես ինքնուրույն, անհատական որոշումներ կայացնող կերպար, կամ ձևավորվում է զոհաբերության նարատիվը՝ քաղաքական պայքարը որպես ծանր բեռ, որն ազդում է անձնական կյանքի վրա»,- ասում է Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ հայկական հասարակությունում ընտանիքը կայունության կարևոր մետաֆորա է։ Երբ այդ մետաֆորան փոխվում է, փոխվում է նաև հանրային վստահության կառուցվածքը։
Օրակարգի վերաձևավորում և էմոցիոնալ դաշտ
Փորձագետը չի բացառում նաև քաղաքական օրակարգի վերաձևավորման գործոնը։ Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հանրային վստահության մակարդակը նվազել է, և իշխանության հանդեպ վստահությունը ճգնաժամային փուլում է։
«Նման իրադարձությունը դառնում է մեդիայի գլխավոր թեման և կարող է ժամանակավորապես շեղել ուշադրությունն ընթացիկ քաղաքական ու սոցիալական խնդիրներից։ Սա քաղաքական հաղորդակցության մեջ ընդունված մեխանիզմ է»,- նշում է Ավետիսյանը։
Մյուս հնարավոր արդյունքը, ըստ նրա, էմոցիոնալ դաշտի ակտիվացումն է․ «Այս տեղեկատվությամբ արթնացնում են մարդկանց զգացմունքները, իսկ քաղաքական հաղորդակցությունում զգացմունքային ռեակցիան կարևոր գործիք է»։
Միևնույն ժամանակ, նա շեշտում է, որ սա «երկսայր սուր» է․ նախաձեռնողը կարող է կորցնել վերահսկողությունը, և թեման կարող է զարգանալ անկանխատեսելի ուղղությամբ։
«Կանայք են դառնում առաջին թիրախը»
Ավետիսյանը նաև ուշադրություն է հրավիրում հանրային արձագանքի գենդերային բաղադրիչին։
«Հայրիշխանական համակարգում առաջին թիրախավորումը հաճախ ուղղվում է կնոջը։ Մենք տեսնում ենք, որ շատերը ավելի կոշտ են քննադատում Աննա Հակոբյանին, քան վարչապետին։ Կանայք հաճախ դառնում են զոհասեղանի վրա դրված կերպարներ»,- ասում է նա։
Փորձագետը չի բացառում, որ այս զարգացումների արդյունքում կարող է ձևավորվել նաև նոր քաղաքական սցենար․ եթե որոշ ժամանակ անց Աննա Հակոբյանը հանդես գա առանձին քաղաքական դերակատարմամբ, դա նույնպես տեղավորվելու է այս հաղորդակցության շղթայի մեջ։
Նրա խոսքով՝ եղել է շրջան, երբ Աննա Հակոբյանի վարկանիշը ավելի բարձր էր, քան վարչապետինը, ինչը ցույց է տալիս, որ նրա շուրջ առանձին լսարան և մասնակցային հարթակ ձևավորվել էր։
Ամփոփելով՝ Աստղիկ Ավետիսյանը նշում է, որ այս պահին մենք գտնվում ենք հաղորդակցության երկրորդ մակարդակում և ամբողջական վերլուծության համար անհրաժեշտ է սպասել հաջորդ քայլերին։
«Նախընտրական փուլում նման բաները պատահական չեն լինում։ Բայց պետք է հասկանալ՝ սա կարճաժամկետ լիցքաթափո՞ւմ է, կերպարի հումանիզացիա՞, թե՞ ավելի երկարաժամկետ ռազմավարություն»,- եզրափակում է նա։
Մինչ այդ հանրային դաշտում մեկնաբանությունները շարունակվում են։ Իսկ հասարակության ակնկալիքը, ինչպես նշում է փորձագետը, մեկն է՝ «մաքրված միջավայր, սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ»։
Զրուցեց Սոֆի Մկրտչյանը
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի