Գիրք նվիրելու օրը՝ գրադարանի պատերից դուրս
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Հրազդանում նշվեց ոչ միայն մարզային գրադարանի հարկի տակ, այլև համայնքային գործընկեր կառույցում։ Միջոցառումների նախաձեռնողը Կոտայքի մարզային գրադարանն էր, որը օրը կազմակերպեց երկու ձևաչափով՝ երեխաների մասնակցությամբ և սոցիալական ծրագրի շահառուների հետ հանդիպումով։
Առավոտյան գրադարան էին այցելել Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան դպրոցի 2-րդ դասարանցիները։ Նրանք շրջեցին գրադարանում, ծանոթացան սպասարկման և մանկական բաժինների աշխատանքին։ Քանի որ գրադարանում այս օրերին անցկացվում է թումանյանական շաբաթ, երեխաները դիտեցին Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Շունն ու կատուն» և «Չարի վերջը» ներկայացումները։
Օրվա խորհրդով աշակերտները գրքեր նվիրեցին միմյանց՝ հնչեցնելով բարեմաղթանքներ։ Նրանց համար կազմակերպվել էին նաև մանկական ընթերցանություններ։
Օրվա երկրորդ հատվածում գրադարանի աշխատակազմը՝ սպասարկման և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչի ու բեմադրող ռեժիսորի գլխավորությամբ, այցելեց «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի Հրազդանի ցերեկային կենտրոն։
«Քանի որ համագործակցում ենք «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում, որոշեցինք այս օրը ևս իրենց հետ անցկացնել։ Իրենք շատ շնորհալի են, ունեն լավ ձեռքի աշխատանքներ։ Որոշեցինք ոչ միայն գիրք, այլ նաև «քաղցր» գիրք բերել»,– ասաց բաժնի վարիչ Անահիտ Ավագյանը։
Ցերեկային կենտրոնի ղեկավար Թեհմինե Բադալյանի խոսքով՝ կազմակերպությունը իրականացնում է ծրագրեր երեխաների և տարեցների համար՝ ցերեկային կենտրոններ, տնային խնամքի ծառայություններ միայնակ ապրող տարեցների համար, ինչպես նաև բարեգործական ճաշարաններ։ «Արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք գրադարանի հետ։ Սա մեր հերթական համատեղ միջոցառումներից մեկն է»,– ասաց նա։
Գրադարանի թատրոնի բեմադրող ռեժիսոր Վարդան Խաչատրյանը նշեց, որ թումանյանական ստեղծագործությունները մշտապես պահանջված են․ «Ամեն մի հեքիաթ ունի իր ուղերձը»։
Գրադարանում նշում են, որ նման ձևաչափով այցելությունները շարունակական են լինելու։