Թիմերը խաղալու են երկրորդական կազմով
Սեպտեմբերի 24-ին Երեւանում կխաղարկվի «մրցաշրջան-2010»-ի ֆուտբոլային վերջին մրցանակը` Հայաստանի սուպերգավաթը:
«Հանրապետական» մարզադաշտում կհանդիպեն 2010 թ Հայաստանի չեմպիոնը՝ Երեւանի «Փյունիկը» եւ նույն տարվա գավաթակիրը՝ Երեւանի «Բանանցը»:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեր ակումբներն անտարբեր են դարձել Սուպերգավաթի նկատմամբ, ուստի այդ խաղերին ներկայանում են ոչ հիմնական կազմերով:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որոշել է հանգիստ տալ թիմի այն ֆուտբոլիստներին, որոնք Հայաստանի հավաքականի անդամներ են:
«Առաջիկայում մեր ազգային թիմին անչափ կարեւոր խաղեր են սպասվում, այդ իսկ պատճառով չենք ցանկանում լրացուցիչ ծանրաբեռնել հավաքականի անդամներին»:
Վարդան Մինասյանի մտահոգությունը լիովին հասկանալի է, քանի որ նա միաժամանակ հանդիսանում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
Երեւանի «Բանանցը» հանդես կգա հիմնական կազմով թե ոչ, նույնպես դժվար է ասել, քանի որ այդ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը գլխավորում է նաեւ մեր երիտասարդական հավաքականը, որի խաղացողները կազմում են թիմի կորիզը։ Տեղեկացնենք, որ մինչեւ 21 տարեկանների ընտրանին նույնպես կարեւոր խաղեր է անցկացնելու հոկտեմբերի սկզբին: