Ինչ ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երեւանից Բաքու գնալիս (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանից հեռանալուց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին ու Դոնալդ Թրամփին։
«Ես երախտապարտ եմ նախագահին ինձ այստեղ ուղարկելու համար և ամենից շատ՝ մեր կնքած խաղաղության համաձայնագրի համար: Կարծում եմ՝ այն բարգավաճում է բերում թե՛ Հայաստանին, թե՛ ամերիկացի ժողովրդին: Մենք ոգևորված ենք այստեղից Ադրբեջան մեկնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասում է նա։:
«Ակնհայտ է, որ նախագահի համար խաղաղության հաստատումն առաջին քայլն է: Սակայն խաղաղության պահպանման մի մասն այն է, ինչ մենք անում ենք այսօր՝ զարգացնելով այն, համոզվելով, որ առկա է տնտեսական փոխգործակցություն Հայաստանի հետ, որն անհրաժեշտ է խաղաղության համաձայնագիրն ամրապնդելու համար: Ես ինձ շատ լավ եմ զգում մեր ներկայիս վիճակի համար: Կարծում եմ՝ Նախագահը հիանալի խաղաղության գործընթաց է սկսել, և վարչակազմն իսկապես ամրապնդում է այն: Այնպես որ, ուրախ եմ այստեղ գտնվելու համար և պատրաստվում եմ մեկնել Ադրբեջան»,- ասում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը, որի ինքնաթիռը րոպեներ անց թռնելու է Բաքու։
Առավոտյան ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայ լրագրողի դիտարկմանը այցի հետ կապված, նա այսպես է պատասխանում․
«Վաղը մենք այցելելու ենք Ադրբեջանի որոշ կարևոր վայրեր, և երբ խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ սա շատ կարևոր վայր է իրենց համար: Ակնհայտ է, որ ես առաջին փոխնախագահն եմ, ով երբևէ այցելել է Հայաստան: Նրանք խնդրեցին մեզ այցելել այս վայրը: Ակնհայտ է, որ դա շատ սարսափելի բան էր, որ տեղի է ունեցել մի փոքր ավելի քան հարյուր տարի առաջ, և մի բան, որն ուղղակի շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով: Այնպես որ, ես կարծեցի, որ ի նշան հարգանքի թե՛ զոհերի, թե՛ Հայաստանի կառավարության նկատմամբ, որը մեզ համար տարածաշրջանում շատ կարևոր գործընկեր է, և վարչապետ Փաշինյանի նկատմամբ, ես ցանկացա գալ, այցելել և մատուցել հարգանքի տուրքս»։
Պատրաստվո՞ւմ է նա Բաքվում հանդիպումների ժամանակ անդրադառնալ հայ գերիների ազատ արձակման հարցին: Հիշեցնենք, որ Հայ գերիները Բաքվում դատապարտվել են ցմահ ազատազրկման: Իսկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունն ավարտված է, և դատարանը մտել է խորհրդակցական սենյակ։
«Դուք հարցրեցիք՝ պատրաստվո՞ւմ ենք խոսել հայ գերիների մասին: Դա միանշանակ բարձրացվելու է: Նկատի ունեմ՝ մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել թե՛ այստեղի վարչապետի, թե՛ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Գիտեք, ես երեկ լսեցի, որ վարչապետն ասաց, որ ինքը լավատես է խաղաղության համաձայնագրի հարցում՝ հիմնվելով այն բանի վրա, թե որտեղ ենք մենք այսօր՝ համեմատած ընդամենը մի քանի ամիս առաջվա հետ: Այնպես որ, մենք մի շարք թեմաներ ենք բարձրացնելու, բայց կարծում եմ՝ շարունակելու ենք շատ հաջող աշխատել թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»,-ասաց նա:
Լրագրողներից մեկը հարց տվեց Գրենլանդիայի շուրջ բանակցություններից։
«Դե, նայեք, Գրենլանդիայի բանակցությունները դեռ շատ վաղ փուլում են: Ես գիտեմ, որ մենք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բավականին շատ ենք աշխատել այս ուղղությամբ, բայց ամեն ինչ շատ պարզ է: Գրենլանդիան շատ կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար: Ես կարծում եմ, որ մեր որոշ դաշնակիցներ քիչ ներդրում են արել Արկտիկայի անվտանգության մեջ: Եվ եթե մենք պատրաստվում ենք ներդրումներ անել Արկտիկայի անվտանգության մեջ, եթե մենք պատրաստվում ենք, ըստ էության, մեծ գումարներ վճարել և պատասխանատվություն ստանձնել այս հսկայական ցամաքային զանգվածի պաշտպանության համար, ես կարծում եմ՝ միանգամայն ողջամիտ է, որ Միացյալ Նահանգները որոշակի օգուտ ստանա դրանից, և դա լինելու է առաջիկա ամիսների բանակցությունների կենտրոնում»,- պատասխանեց նա:
Արդյո՞ք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մասնակցելու է հաջորդ շաբաթ կայանալիք «Խաղաղության խորհրդի» հանդիպմանը: Ջեյ Դի Վենսը նկատեց, որ օրակարգը շատ խառն է, բայց․ « Համոզված եմ, որ մենք այնտեղ կլինենք: Ակնհայտ է, որ նախագահը շատ ոգևորված է աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ առաջնորդների հյուրընկալելու համար: Եվ ես կարծում եմ, որ այս «Խաղաղության խորհուրդը» իսկապես նոր նախատիպ է լինելու 21-րդ դարում խաղաղություն ստեղծելու և պահպանելու համար: Որքան էլ Միավորված ազգերի կազմակերպությունը կարևոր է, ինչպես ասել է նախագահը, ՄԱԿ-ը շատ հաճախ չի արդարացրել իր ողջ ներուժը: Կարծում եմ՝ այն, ինչ նա փորձում է անել այս «Խաղաղության խորհրդի» միջոցով, ակնհայտորեն Գազայում և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն ստեղծելն է, բայց ես կարծում եմ, որ այն կարող է ստեղծել այնպիսի ենթակառուցվածք, որը կարող է հանգեցնել բազմաթիվ տևական խաղաղության համաձայնագրերի գալիք տարիների ընթացքում»:
Փոխնախագահին ուղղված վերջին հարցը վերաբերում էր երեկ հնչեցված մի հայտարարության։
ԱՄՆ փոխնախագահը երել հայտարարել էր, թե ԱՄՆ-ը և Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։
«Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով», - նշել է Վենսը։
«Դե այն հարցերից մեկը, որոնց շուրջ աշխատում ենք մեր որոշ հանդիպումների ժամանակ, մեծածավալ ներդրումներն են, որոնք գալու են Հայաստան նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ձեռք բերված լավ պայմանավորվածությունների շնորհիվ: Դրանցից մեկն այն է, որ լինելու է շատ մեծ տվյալների կենտրոն: Իրականում, կարծում եմ, այն արդեն սկսվել է. մի տվյալների կենտրոն, որի ընդհանուր ներդրումը Հայաստանում կարող է հասնել 4 միլիարդ դոլարի: Այն նաև շատ աշխատատեղեր է ստեղծելու մեր մարդկանց համար տանը: Այնպես որ, սա դասական «win-win» (երկուստեք շահավետ) տարբերակ է: 4 միլիարդ դոլարն այն է, ինչ, իմ կարծիքով, կարող է դառնալ նախագիծը, բայց դուք արդեն տեսել եք զգալի ներդրումներ Հայաստանում, և մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի»,- եզրափակեց նա։