Հայտնի է` ում է մակագրվել Դիանա Գասպարյանի գործը
Աջակցիր «Ա1+»-ինՎաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի եւ նրա մտերիմների գործը մակագրվել է նախկին ՔՊ-ական, Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին:
Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից: Գործով անցնում են նաեւ Դիանա Գասպարյանի ամուսինը՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս հայրը՝ Աշոտ Միրզոյանն ու նախկին համայնքապետի հետ փոխկապակցված անձինք՝ Շահեն Շահինյանը եւ Սամվել Բադալյանը:
Դիանա Գասպարյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները գերազանցելու եւ փողերի լվացման մեջ: Իսկ ամուսինը մեղադրվում է նաեւ առանձնապես խոշոր չափերի գույքը չհայտարարագրելու համար:
Գործով անցնող բոլոր 5 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Իսկ Աշոտ Միրզոյանի եւ Արամայիս Միրզոյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավը: Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանի լիազորությունները դադարեցվել են 2025թ. մայիսի 27-ին՝ իր դիմումի համաձայն: Երբ նախաքննության ավարտ հայտարավեց եւ գործն ուղարկվեց դատարան, նախկին քաղաքապետը իր ՖԲ էջով հայտարարեց. «Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այսքան ժամանակ լուռ հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին և դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին: Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ Ամանորին, այն ընտանեկան ջերմ մթնոլորտում նշելուն: Տոներից հետո խոստանում եմ խոսել, հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին»:
Գործը մակագրվել է դատավորի Սարգիս Պետրոսյանին: Սակայն դեռ որոշում չկա՝ դատավորը քննելու է իր նախկին կուսակցի գործը, թե հայտնելու է ինքնաբացարկ: