Հրանտ Բագրատյանը արդարացվել է. Դատական վերջնական ակտն ուժի մեջ է
Աջակցիր «Ա1+»-ինՆախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով արդարացման դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել:
Վճռաբեկ դատարանը մերժել է Գլխավոր դատախազության բողոքը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց պաշտպան Հովհաննես Քոչարյանը:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքում բռնության կոչեր անելու համար:
Նախկին վարչապետը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Թե առաջին, եւ թե վերաքննիչ ատյանները արդարացրել են նախկին վարչապետին՝ նրա արարքում հանցակազմ չլինելու հիմքով: Պաշտպան Հովհաննես Քոչարյանի համար սպասելի էր Վճռաբեկ դատարանի նման որոշումը:
«Դատելով փաստական հանգամանքներից՝ դեռ նախաքննության փուլից բոլոր հիմքերն առկա են եղել քրեական վարույթը կարճելու համար»,- հավելեց պաշտպանը: Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի առաջին մասը, որում մեղադրվում էր Հրանտ Բագրատյանը, սահմանում է պատիժ տուգանքի տեսքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանք՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: