Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենամեծ չարիքն անտարբերությունն է

Հարցազրույց
abbba1b8e894f8957d26e59992ca06c1

Հարցազրույց հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ հոգեբանության ֆակուլտետի դեկան Սրբուհի Գեւորգյանի հետ:

 -Տիկին Գեւորգյան, շատերն են նկատում, որ այսօր երկրում տիրում է անառողջ սոցիալ-հոգեբանական մթնոլորտ, իսկ վերջին շրջանում հանցագործությունների տեսակները  դրա ուղղակի վկայությունն են: Ինչո՞վ է դա բացատրվում:

-Անտարբերությամբ: Անտարբերությունն է ամենամեծ չարիքը։ Եթե մենք չենք արձագաքնում, նպաստում ենք նրան,, որ այնպիսի երեւույթներ ծնունդ առնեն, որոնք մինչև այդ, գուցե իսկապես գոյություն չեն ունեցել, կամ փոխանցվել են այլ դաշտերից, կամ պայմանավորված են այլ խնդիրներով:

Մեր իմաստուններից մեկն ասել է. մի վախեցեք ձեր ընկերներից, նրանք միայն կարող են դավաճանել ձեզ, մի վախեցեք ձեր թշնամիներից, նրանք կարող են սպանել ձեզ, վախեցեք անտարբերներից միայն, նրանց լուռ համաձայնությամբ են կատարվում ե՛ւ սպանությունները, ե՛ւ  դավաճանությունները: Ամենասարսափելի չարիքը' հիմնախնդրին չարձագանքելն է, ասելը՝ որ դա իմ խնդիրը չէ, հարեւանի պրոբլեմն է: Այդ առումով, մեղավոր ենք բոլորս:

-Իսկ այդ անտարբերությունը քաղաքացիական դիրքորոշման բացակայությա՞ն հետեւանք է, գուցե վախի մթնոլորտի՞, թե՞ ուղղակի  իրավիճակը փոխելու անկարողության:

-Ժամանակին Լեւոն Շանթն է ասել՝ հայը ուժեղ անհատականություն է, թույլ հավաքագրական: Մեզանում քաղաքացիական դիրքորոշման պակասը բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր զարգացում պետք է պայմանավորված լինի իր զարգացման շրջաններով։ Պարտավորությունների, իրավունքների մասին մեր առաջին պատկերացումները պետք է ձեւավորվի ընտանեկան շրջանակներում, հետո՝ պետք է շարունակվի մանկապարտեզում, դպրոցում, բուհում, յուրաքանչյուր օղակ իր մասնակցությունը պետք է ունենա: Այսօր համակարգված մոտեցում, այդ առումով, չկա: Զարթոնքը հասարակական իրավագիտակցության մեջ, նկատելի է, այնուամենայնիվ, բայց համակարգված աշխատանք ընտանիքի հետ, ընտանիքի շրջանակում, սոցիալական այլ օղակներում՝ չկա, ինչը պետք է բերեր դիրքորոշումների ձեւավորմանը, այդ թվում՝ քաղաքացիական, քաղաքական, որոնք հստակ են, ունեն իրենց զարգացման առաջնահերթությունները: Դա տնտեսական խնդիրների հետ կապված չէ, դա, իրոք, որոշակի պետական հոգածության եւ սոցիալական ծրագրի բացակայության հետ է կապված:           

 -Իսկ գուցե այն դրսեւորումները, որոնք առկա են, գալիս են նրանից, որ տասնամյակներ շարունակ ազատություն չտեսած ժողովուրդը հանկարծ անկախացավ:

 -Ազատության գաղափարը շատ «ապրիորի», վերացարկված գաղափար է, եւ չկա որեւէ հասկացություն, որը անսահմանափակության մեջ սահմանափակ չլինի։ Դա բերել է նրան, որ շատ ու շատ ոլորտներում աղավաղված են պատկերացումներն այդ ազատության' խոսքի, հարաբերությունների, պատասխանատվության, վերաբերմունքի, սոցիալական գործընթացների զարգացման, մեկնաբանումների:

 Ուղղակի բացարձակ ազատ տարածություն չի կարող լինել, եւ եթե մենք մոտենում ենք մի եզրագծի եւ չունենք ներքին զսպաշապիկ, հասկանալու՝ թե ինչքանո՞վ իրավունք ունենք անցնել այդ դաշտը, ուրեմն ինչ-որ սոցիալական կառուցվածք պետք է լինի, համակարգ, վերահսկող օղակ, որը կուրվագծի թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանը: Եւ խոսքը չի գնում պատժիչ օղակի կամ համակարգի մասին. դա իրոք սոցիալական վերահսկաման մեխանիզմ պետք է լինի: Իսկ այսօր ստեղծված սոցիալ-հոգեբանական վիճակի կարեւորագույն գործոններից մեկն այն է, որ չկա կոնկրետ ոլորտային եւ տարիքային ներկայացուցիչների արժեբանական համակարգ, չկան այդ արժեքների առաջնահերթությունները։ Ո՞վ պետք է ձեւավորի դրանք։  Նորություն չպետք է ասեմ. դրանց զարգացումն ու նախադրյալները յուրաքանչյուրը գտնում է ընտանիքում:

Ուրիշ բան, որ այսօրվա դրությամբ ժամանակակից կյանքը, երիտասարդների կրթվածության մակարդակը, վերաբերմունքը սոցիալական գործընթացների զարգացման, ապագայի նկատմամբ փոխվել են։ Ի վերջո' կան արժեքներ, որոնք մեր ավանդականը, ազգայինը չեն, դրանց ակունքը ունի շատ ավելի վաղ պատմություն՝ մարդու ենթագիտակցական փուլի զարգացումն է։ Այդ հումանիստական, մարդաբանական ակունքների կորուստն է  միգուցե հանգեցրել այն իրավիճակին, որի արդյունքում սոցիալական զբաղվածության դաշտը նվազել է:  Երբ խոսում ենք ակտիվության մասին, առաջին հերթին այն վերագրում ենք կենդանական աշխարհին' կապելով բնազդների հետ։ Մարդու ակտիվությունը մենք  պայմանավորում ենք նրա գործունեության հետ: Այդ գործունեությունը կամ արտաքին ֆիզիկական է, որը ուղղված է արտաքին միջավայրին, կամ ներքին, հոգեկան ակտիվություն է, որը ղեկավարվում է գիտակցված նպատակի կողմից: Մարդն ընդհանրապես տարբերվում է մյուս շնչավոր էակներից նրանով, որ մարդու յուրաքանչյուր գործունեություն պետք է ունենա գիտակցված նպատակ:

-Ինչո՞ւ է  աղճատվել այդ գիտակցված նպատակը, ինչո՞ւ այսօր կարող է մայրը իր երեխային սպանել, երիտասարդը բռնաբարել զառամյալ տարիքի կնոջը, աղանդավորը ծեծել հոգեւորականին: Ի՞նչն է բերել մեր հասարակությանը հոգեբանական այսպիսի վիճակի:

- Միարժեք չկա կոնկրետ գործոն, որ ասես՝ հենց դրանով է պայմանավորված: Դա, ընդհանուր առմամբ, բազմագործոն երեւույթ է, որը կապված է համապատասխան  կազմակերպված միջոցառումների ցանկի, ոչ թե միայն անհատի, կազմակերպության, ԲՈՒՀ-ի, կամ առանձին կառույցի հետ։ Պետք է լինի պետական հոգածության ծրագիր:

-Ինչն այսօր բացակայո՞ւմ է:

-Այո, ինչն այսօր բացակայում է: Ես չեմ ուզում համեմատել, բայց օրինակ՝, եթե նախկին խորհրդային շրջանում կար գաղափարախոսություն, թող դա լիներ կուսակցական, բայց ամբողջ համակարգը ուղղված էր նրան, որ ձեւավորում էր մարդու, քաղաքացու արժեհամակարգը դեռ նախադպրոցական տարիքից, որն ուղղորդվում էր հեքիաթներով կամ կյանքից վերցրած օրինակներով: Դա երեխայի մոտ ձեւավորում էր արժեհամակարգի նախադրյալներ:

  -Այսինքն, հոկտեմբերիկը, պիոները...որոշակի առումով  հոգեբանական վիճա՞կ էր։

 -Այո, դա ներքին պատրաստվածության աստիճան էր: Անձի մոտ տարբեր տարիքային փուլերում ձեւավորում էին տարբեր սոցիալական դիրքորոշումներ:  Պիոներ, կոմսոմոլ, կոմունիստ, այդ  բոլորն ուղղված էր մեկ գաղափարախոսության՝ անձի ակտիվությունը ուղղորդելու համապատասխան արժեհամակարգ ձեւավորելու համար, որով երիտասարդը տեսնում էր կոնկրետ նպատակներ, հասկանում էր այդ նպատակին հասնելու համար նախատեսված միջոցնեը։ Այդ նպատակին հասնելու համար բոլորը նույն ճանապարհն էին անցնում, չկային տարբերակումներ:

-Այսօր էլ կան երիտասարդական շարժումներ' բազեներ, արծիվներ...: Դրանք չե՞ն նպաստում ձեր նշած նպատակի իրականացմանը եւ ակտիվության ուղղորդմանը:

-Բնականաբար, բացը լրացնելու փորձ է արվում եւ, իրոք, ողջունելի է, որ կան առանձին կազմակերպություններ, կենտրոններ, որոնք զբաղվում են երիտասարդության հարցերով։ Բայց յուրաքանչյուր խավ ունի իր պահանջմունքը, որով պայմանավորված է այդ խավի հոգեկան ակտիվության եւ սպառման աղբյուրները: Եթե անդրադառնանք վիճակագրական տվյալներին, կտեսնենք, որ մեծ արտահոսք կա երիտասարդության։ Ինչով է դա պայմանավորված։ Նրանով, որ ներքին ռեսուրսները, կենսագործունեության կոնկրետ պայմանները, սոցիալ-տնտեսական դաշտը չի բավարարում տվյալ երիտասարդի ակտիվության դրսեւորման պահանջմունքների բավարարման եղանակներին: Ես չեմ ասում թե դա գաղափարական է, սոցիալական է, տնտեսական է: Կա պահանջմունքների զարգացման հիերարխիա, որը որոշակի մակարդակում բոլորի մոտ նույն ձեւով է դրսեւորված: Եթե երիտասարդը այդ ներուժը չի գտնում, բնականաբար, մտածում է  այս պայմանները փոխելու մասին: Ամբողջ խնդիրն այն է, որ չկա այդ բոլոր երիտասարդների մոտ համապատասխան ազգային արժեբանական համակարգ ձեւավորելու կոնկրետ հիմնական ծրագիր, իր բոլոր բաղադրիչներով: Մենք շատ կարեւորում ենք կրթությունը եւ, հայի համար կրթությունը բովանդակային է եղել բոլոր ժամանակներում, բայց այսօր դա կարծես խախտված լինի: Ես դեմ չեմ ոչ մի նորարարական ծրագրի ներդրմանը, եւ, ի վերջո, ցանկացած ծրագիր միտված է զարգացման, իսկ զարգացումը ապահովում է կոնկրետ փոփոխություն: Բայց չմոռանանք, էթնոհոգեբանական կերտվածքն էլ պիտի բնականոն տեղայնացնի գործընթացները: Եթե, ընդհանուր առմամբ դա համահունչ չի տեղայնացմանը, ապա, անպայման, կբերի ներանձնային կոնֆլիկտների։ Եթե դրան ավելացնենք սոցիալ -տնտեսական վիճակը, իսկ մենք ունենք ամենատարբեր սոցիալական շերտեր, երիտասարդական մաքսիմալիզմը կտա հարցի պատասխանը։ Երիտասարդը երբեք չի տեսնում այլ ընտրության գույները տվյալ ժամանակաշրջանում, դրանով էլ տարբերվում է: Իրենք շատ կոնկրետ են ընկալում' միայն սեւ ու սպիտակ, ընդունում- մերժում։  Միմյանց վանելու եւ օտարվելու  մաքսիմալ դրսեւորումներ ունեն: Եւ, եթե չենք կարողանում ապահովել ակտիվության ուղղորդման դաշտը, լինում է այն՝ ինչ ունենք: Ցավոք, այսօր չկա պետական հոգածության ծրագիր: Ունե՞նք սպորտային որոշակի դաշտեր, ակտիվության սպառման միջոցառումներ, որոնք անվճար են: Ցանկություն գուցեեւ շատ ընտանիքներ ունեն, եւ համոզված եմ, երիտասարդի համար դա ակտիվությունը սպառելու նորմալ վիճակ է, բայց արդյո՞ք հասու է բոլորին: Ինչքանո՞վ ենք մենք կարողանում սոցիալական խնդիր դնել եւ լուծել համապատասխան պատվերի ձեւով: Գուցե ես ամպագոռգոռ բաներ եմ ասում, բայց եթե երեխան իր միջավայրում չի տեսնում եւ շատ բաներ չի կարողանում վերցնել, հետեւանքը սա է լինում: Սպորտային, խմբակային, գեղարվեստի եւ այլ պարապմունքները սոցիալական ագրեսիայի փոխակերպման ձեւերից մեկն են:

- Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն ունի ստեղծված հոգեբանական մթնոլորտի վրա՝ հեռուստատեսությունը,  այն բարքերը, որոնք քարոզվում են ամեն օր, էժանագին ու անորակ սերիալների տեսքով:

- Հեռուստատեսությունը ավելի  շատ կոմերցիոն պատվեր է կատարում։ Ես հասկանում եմ՝ դա ժամանակակիցն է, տնտեսական խնդիրներով է պայմանավորված, բայց եթե մենք գնանք միայն շուկայի կոմերցիոնիզացիայի ետեւից, իրոք բավականաչափ կորուստներ ենք ունենալու մարդկային ռեսուրսների առումով: Չկան համակարգված զարգացման կոնկրետ ծրագրեր, չկան հոգեբանական հեռուստահաղորդումներ, որոնք ուղղակիորեն հանրամատչելի ձեւով ազգաբնակչությանը տարբեր տիպի խորհրդատվական հարցերի վերաբերյալ լուսաբանում կտային, իսկ դրանց կարիքը մեզանում բավականին մեծ է։ Սկսած միկրոմիջավայրից, վերջացրած շուկայի, աշխատաշուկայի, զբաղվածության սակավության խնդիրներով,  մարդիկ ընկնում են տարբեր տիպի սթրեսների, ներքին ֆրուստրացիաների, տագնապների, ապակայուն վիճակի մեջ, որոնք փոխակերպվում են կամ իրոք աուտոագրեսիայի՝, երբ անձը ներփակվում է ու ունենում մեղքի զգացում, մտածում, որ  ինքը չի կայացել, չի կարողանում խնդիրները լուծել  եւ ավելի վատն է, քան իր նման շատ-շատերը։  Հատկապես որոշակի տարիքում դա շատ խոցելի խնդիր է եւ անձի տիպաբանական առանձնահատկություններով պայմանավորված, դա կարող է բերել ֆիզիկական ագրեսիայի արտահայտման, որը դրսեւորվում է այլեւայլ շատ ձեւերով: Գլխավոր պատճառը՝ հստակ արժեբանական համակարգի բացակայությունն է, որը պետք է լրացվի սոցիալական ծրագրերի բազմազանության տեսքով։  Օրինակ՝ խոսում են դպրոցներում հոգեբանի հաստիք բացելու մասին։ Այսօր քանի՞ դպրոց կա, որ ունի հոգեբան, ի՞նչ ծրագրերով են աշխատում, ովքեր են աշխատում։  Արդյո՞ք մասնագետները համապատասխան կրթություն են ստացել եւ գիտեն կրթական համակարգն ու դրա հիմնախնդիրները։  Հարցեր են, որ կապված են անձի տարիքային զարգացման հետ։  Եթե դա ուսուցիչ է, որ ժամ լրացնելու խնդիր է լուծում,  ուրեմն այս երեւույթները լուրջ խնդիր է, որը  պետք է  լուծել, որ հնարավորություն ունենանք դիմակայել նշված մարտահրավերներին:

  Զրուցեց՝ Դիանա Մարկոսյանը