Հրդեհ Հոնկոնգում․ զոհերի թիվը հասել է 44-ի, 3 շինարարական աշխատակից կալանավորվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոնկոնգի բնակելի համալիրում տեղի ունեցած խոշոր հրդեհը խլել է 44 մարդու կյանք, հարյուրավորները դեռ անհետ կորած են
Հոնկոնգում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները Wang Fuk Court բնակելի համալիրում բռնկված աղետալի հրդեհից հետո։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 44 մարդ, իսկ հարյուրավոր բնակիչներ շարունակում են համարվել անհետ կորած։
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ ոստիկանությունը կալանավորել է երեք անձի, որոնք աշխատում են համալիրում ընթացող վերանորոգման աշխատանքներ իրականացնող շինարարական ընկերությունում։ Նրանցից երկուսը ընկերության ղեկավար են, մեկը՝ ինժեներ-խորհրդատու։ Նրանք կասկածվում են անփույթ վերաբերմունքով դիտավորյալ չլինող սպանության մեջ։
Ոստիկանությունը նշել է, որ շենքերի արտաքին մակերեսին հայտնաբերվել են չհրդեհակայուն նյութեր, ինչը, ըստ նախնական գնահատումների, արագացրել է կրակի տարածումը։ «Կան հիմնավոր կասկածներ, որ ընկերության ղեկավարությունը ցուցաբերել է կոպիտ անփութություն, ինչի հետևանքով տեղի է ունեցել այս ողբերգությունը», — հայտարարել են ոստիկանությունից։
Ինչպես է զարգացել հրդեհը
Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով 14:51-ին, այն պահին, երբ համալիրում իրականացվում էին վերանորոգման աշխատանքներ։ Կրակը պատել է ութ շենքերից յոթը, իսկ այն մարելու համար ներգրավվել է ավելի քան 700 հրշեջ-փրկարար։ Բարձր ջերմաստիճանը և ընկնող շինարարական կառույցները երկար ժամանակ թույլ չեն տվել փրկարարներին մտնել շենքեր և սկսել բնակիչների էվակուացիան։
Բնակիչները պատմում են, որ վերանորոգման պատճառով շատ բնակարանների պատուհանները փակ էին, իսկ մի շարք տարեց մարդիկ անգամ չէին գիտակցել, որ հրդեհ է բռնկվել։ «Սուսուփուս էինք զանգում միմյանց, որ վազեն ու դուրս գան», — պատմել է 65-ամյա բնակիչներից մեկը։
Անհետ կորածներ և ժամանակավոր կացարաններ
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Ջոն Լին հայտարարել է, որ 279 բնակիչ համարվում է անհետ կորած, սակայն ավելի ուշ փրկարարները կարողացել են կապ հաստատել նրանց մի մասի հետ։ Ավելի քան 900 մարդ տեղափոխվել է ժամանակավոր տեղամասեր։
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Քաղաքացիների դժգոհությունը
Շատ բնակիչներ դժգոհում են, որ հրդեհն ունի նման մասշտաբ, և քննադատում են իշխանությունների արձագանքը։ «Երբ անտառային հրդեհ է լինում, ուղղաթիռներ են բարձրացնում։ Ինչո՞ւ այստեղ այդպես չարվեց», — ասել է բնակիչներից մեկը։
Մեկ այլ կին նշել է. «Պատկերացնում էինք, որ շուտ կմարեն, քանի որ հրդեհային բաժինը մեր կողքին է, բայց կրակը միայն տարածվեց։ Հիասթափված եմ»։
Շենքի կառուցվածքային առանձնահատկությունները
1983 թվականին կառուցված Wang Fuk Court բնակելի համալիրը բաղկացած է ութ բարձրահարկ շենքերից և մոտ երկու հազար բնակարաններից։ Շենքերը շրջապատված էին բամբուկե շինարարական վարագույրներով, որոնք հաճախ օգտագործվում են Հոնկոնգում՝ թեթև և հեշտ տեղադրվող լինելու պատճառով։ Սակայն այս գարնանը իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են աստիճանաբար հրաժարվել դրանցից՝ անվտանգության նկատառումներով։
Հրդեհի վերջնական պատճառը դեռ պարզված չէ։ Քննչական աշխատանքները շարունակվում են։
Այս մասին հայտնում է BBC-ին