Պայթյուն՝ Իջևանում հայտնի «ԺԲԿ»-ներից մեկում. կան վիրավորներ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյ կոչվող վայրում գործող «ԺԲԿ»-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված վայրից Իջևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները 2 հոգու տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն: Շտապօգնության բժիշկները մինչ նրանց հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:
Այս պահին տարածքը Իջևանի համայքային ոստիկանները վերցրել են հսկողության տակ: Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Իջևանի բաժնից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է մեկնել արդեն հերթապահ քննիչը, ու այնուհետև կժամանի դեպքի վայր: Պայթյունի վայրում իրավապահները հայտնաբերել են տարբեր հատվածներում արնանման հետքեր և ծխացող օջախ: Թե ինչ է պայթել և ինչ հանգամանքներում՝ պարզվում է, ինչպես նաև «ԺԲԿ»-ի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը: