Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-11-14_18-16-38
A A
Քաղաքականություն

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
 
Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։  
 
«Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է արտահայտվել այն փաստի կապակցությամբ, որ նոյեմբերի 14-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով «Իսկանդեր»-ի  հրթիռներից մեկն ընկել է  Ադրբեջանի դեսպանատան տարածքում։ Դրա կապակցությամբ դեսպանին նամակ է հանձնվել»,- գրել է գործակալությունը։ 
 
Նշվել է, որ առաջացած պայթյունն ամբողջությամբ ոչնչացրել է դեսպանատան ցանկապատի մի մասը, վնասել կառույցները, ծառայողական մեքենաները, վարչական շենքը և դեսպանատան հյուպատոսական բաժինը, ինչպես նաև զգալի վնաս է հասցրել դիվանագիտական ​​​​ներկայացուցչության տարածքին:
 
Նշվել է, որ այս հարձակումը մարդկային զոհերի չի պատճառ դարձել:   
 
Հիշեցվել է, որ նմանատիպ հրթիռային հարձակումները, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, տեղի են ունեցել նաև նախկինում։ Մասնավորապես, նշվել է, որ 2022 թվականի մարտի 10-ին ավիահարվածի հետևանքով Խարկովում գտնվող Ադրբեջանի պատվավոր հյուպատոսության շենքը լուրջ վնաս էր կրել, իսկ ծառայողական մեքենան շարքից դուրս էր եկել ու դարձել ոչ պիտանի օգտագործման համար։ 
 
Նշվել է նաև, որ 2024 թվականի հունվարի 2-ին «Կինժալ» հրթիռով ռուսական ավիահարվածի հետևանքով դեսպանատան վարչական շենքից մոտավորապես 35 քայլ հեռավորության վրա առաջացել էր մոտ 3 մետր տրամագծով հորան։
 
2025 թվականի օգոստոսի 28-ին Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա իրականացված ավիահարվածի հետևանքով վնասվել էին դեսպանատան վարչական շենքը և հյուպատոսական բաժինը, դեսպանի նստավայրը, ինչպես նաև լուրջ վնաս էր հասցվել դիվանագիտական ​​ներկայացուցչության տարածքին։