ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր նշում ենք Սոցիալական աշխատողի օրը. այն ևս մեկ առիթ է արժևորելու աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի նվիրյալներին, ովքեր ամենամոտն են կանգնած կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, և անում են հնարավորը՝ նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։
Օրվա առնչությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլոր սոցիալական աշխատողներին։ Ձեր աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ, այլ առաքելություն, որն իրականություն է դառնում նվիրվածության ու հոգատարության շնորհիվ։
Առհասարակ, յուրաքանչյուր բարեփոխում կամ նախաձեռնություն հաջողում է այն դեպքում, երբ դրա իրականացնողներն էլ բանիմաց են և իրենց գործին նվիրյալ։ Ուրախ եմ նշել, որ Միասնական սոցիալական ծառայության ստեղծումից ի վեր, Ձեր անմիջական մասնակցությամբ մենք քայլ առ քայլ անցնում ենք կայացման դժվար, բայց և իրականանալի ճանապարհով։
Ձեր նվիրված ու հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր հանրապետության տարբեր մարզերում Ծառայության 49 տարածքային կենտրոնների միջոցով հազարավոր մարդիկ ստանում են կարիքահենք սոցիալական ծառայություններ, աջակցություն և, ամենակարևորը, նոր հույս՝ կյանքի դժվարին իրավիճակներից Ձեր օգնությամբ, բայց սեփական աշխատանքով դուրս գալու համար։
Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման և կայացման գործում ուզում եմ շեշտել նաև քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների դերը․ նրանց հետ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է տալիս սոցիալական աշխատանքի
պրակտիկայում կիրառել նորարարական մեթոդներ և նպաստել առավել մարդակենտրոն սոցիալական քաղաքականության իրականացմանը։
Պետությունը բարձր է գնահատում Ձեր նվիրումը, ուստի շարունակական քայլեր են իրականացվում Ձեր մասնագիտական կարողությունների զարգացման և աշխատանքային պայմանների բարելավման համար։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն՝ Ձեր աշխատանքի և նվիրումի համար։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ