Բացել լրահոսը Փակել լրահոսը
576807777_1275762871259403_6316470832802159917_n
A A
Պաշտոնական

Թբիլիսիում քննարկվել է հայ-վրացական սահմանային անցակետերի համատեղ օգտագործման ծրագիրը

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ իրականացվող հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ օգտագործման սահմանային անցակետերի ներդրման ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում մասնակցել է «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի ներքո ստեղծված հայ-վրացական Համատեղ աշխատանքային խմբի՝ մաքսային և սահմանապահ մարմինների ներկայացուցիչների միջև կայացած երկրորդ աշխատաժողովին, որը կազմակերպվել էր ԱԶԲ աջակցությամբ։
 
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես, համատեղ օգտագործման սահմանային անցակետերի ներդրման առավել հարմար մոդելի և դրա հնարավոր տարատեսակների, հայ-վրացական անցակետերի աշխարհագրական դիրքի, ենթակառուցվածքային հնարավորությունների և գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում դրանց ներդրման ռեալ հնարավորությունների, գործարկման առանձնահատկությունների և մեխանիզմների, ինչպես նաև գործող ընթացակարգերի ներդաշնակեցմանն ուղղված անհրաժեշտ քայլերի հետ կապված հարցեր։
 
Հանդիպման ընթացքում ԱԶԲ կողմից ներկայացվել է մեծածավալ վերլուծություն, մասնավորապես, «Միասնական կամ ընդհանուր հարմարություններով» մոդելի և դրա ենթատեսակների ընդհանուր նկարագիրը և ներդրման հայեցակարգը, այդ թվում՝ ինժեներատեխնիկական նախագիծը, սահմանային համատեղ հսկողության անցակետի ներդրման գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը, համատեղ հսկողության մոդելի կիրառման համար ընտրված անցման կետի շահագործման հիմնական սկզբունքները։