ՀԷՑ-ի մասով հանձնաժողովը կամփոփի վարույթը մինչեւ նոյեմբերի 18-ը․Մեսրոպ Մեսրոպյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կմնա իր պաշտոնում միայն այն դեպքում, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դադարեցնի ընկերության լիցենզիան: Եթե լիցենզիան պահպանվի, ՔՊ-ական Պետրոսյանը ստիպված կլինի լքել պաշտոնը: Մինչ ՀԷՑ տեղափոխվելը նա Պետական վերահսկողական ծառայության պետն էր, այդ հաստիքը մոտ չորս ամիս է՝ թափուր է:
«Եթե ավարտվի զրկվելով, ապա ժամանակավոր կառավարիչի ինստիտուտը պետք է մնա և շարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերի հետ բանակցությունները չեն ավարտվել։ Եթե կարճվի, բնականաբար, ժամանակավոր կառավարիչը կգնա իրենց տուն կամ իր աշխատանքին, այլ աշխատանքի և սեփականատերերը կշարունակեն տնտեսվարել», - ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության լիցենզիան կդադարեցվի՞, թե՞ ոչ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով, հայտնի կդառնա նոյեմբերի 18-ին, երբ ամփոփեն ամիսներ առաջ հարուցած վարչական վարույթի արդյունքները և որոշում կայացնեն: Այսօր Հանձնաժողովի նախագահը հրաժարվեց խոսել ընկերությունում իրենց ուսումնասիրություններից:
«Քանի որ վարույթը ընթացքի մեջ է, ես բազմիցս լրագրողներին առիթ եղել է այդ մասին տեղեկացրել եմ, վարույթի ընթացքի մեջ լինելու ժամանակահատվածում ես իրավասու չեմ և իրավունք չունեմ վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, ինֆորմացիա հրապարակելու», - ընդգծեց Մեսրոպյանը։
ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու և ընկերությունն ազգայնացնելու մասին բարձրաձայնվեց այն նույն օրը, երբ Սամվել Կարապետյանը հայտարարեց՝ ինքն էլ իր ձևով կմասնակցի եկեղեցու պաշտպանությանը: Այդ հարցազրույցից հետո գործարարը իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով հայտնվեց ճաղերի հետևում, իսկ նրան պատկանող Էլեկտրական ցանցերը վարչապետը խոստացավ պետականացնել: