Որտեղի՞ց գիտեք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը. Փաշինյանը` ԵԽԽՎ պատվիրակին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈրևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա դնել անուն, որն ընդունված չէ Հայաստանի կողմից, -ԵԽԽՎ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին:
«Սա արդեն իսկ ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է», - ասաց նա:
ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ներկայացուցիչ Էդվարդ Լեյը Փաշինյանին ուղղված հարցում օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, ինչը վրդովեցրեց Փաշինյանին:
«Ձեր երկու երկրների և Նախագահ Դոնալդ Թրամփի միջև հաջողությամբ բանակցված խաղաղության պայմանագրի հիմնական մասը Զանգեզուրի միջանցքի ստեղծումն էր:Սա միջանցք է, որը կապում է Ադրբեջանը՝ անցնելով Հարավային Հայաստանով դեպի Թուրքիա:
Եվ թեեւ, անշուշտ, կան ազդեցություններ, դրական ազդեցություններ առևտուրը ավելացնելու համար, կան որոշ կասկածներ, թե արդյոք այս միջանցքի ստեղծումը այնքան շահավետ է Հայաստանի համար, որքան Ադրբեջանի համար:Այսպիսով, կարո՞ղ եք մեզ ասել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ձեր պատկերացումներում Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հիմնական տարբերությունները»,- հարցրեց ԵԽԽՎ Պահպանողականների խմբի խոսնակ, Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Էդվարդ Լեյը։
Փաշինյանը հարց տվեց եվրոպացի պատգամավորին՝ որտեղի՞ց է նա վերցրել այդ ձևակերպումը, քանի որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում նման խոսույթ չկա:
«Որտեղի՞ց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ձեզ, որտե՞ղ եք կարդացել այդ արտահայտության մասին, նման արտահայտություն չկա, չի եղել, և համոզված եղեք, չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում»,- ասաց նա:
«Դուք խոսում եք Վաշինգտոնյան համաձայնագրի մասին, բայց այնուհետև օգտագործում եք լեզու, որը չկա Վաշինգտոնյան որևէ փաստաթղթում, երբեք չի եղել: Ավելին, այն վնասում է խաղաղության գործընթացին, քանի որ ուղղակիորեն խախտում է համաձայնագիրը և գտնվում է օրինական բառապաշարից դուրս: Մենք Վաշինգտոնում համաձայնվել ենք, որ տարածաշրջանի կապուղիները կբացվեն՝ համաձայն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, պետությունների իրավասության և փոխադարձության սկզբունքների՝ Ադրբեջանը Հայաստանի համար և Հայաստանը Ադրբեջանի համար կբացեն այս կապուղիները՝ ներքին, երկկողմանի, փոխադարձ և միջազգային հաղորդակցության համար: Բացի այդ, Հայաստանի տարածքում կլինի TRIPP երթուղին, այն է՝ Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար: Այդ փաստաթուղթը ստորագրվել է նաև Ադրբեջանի Նախագահի կողմից, և հետևաբար, սա իմ դիմումն է և իմ ակնկալիքը, որ մենք օգտագործենք միայն օրինական լեզու: Եվ ես ակնկալում եմ մեր ադրբեջանցի գործընկերներից, որ քարտեզի վրա ցույց տան, թե որտեղ են նկատի ունենում. որ մասը են անվանում «Զանգեզուրի միջանցք»: Եթե դա որևէ կերպ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, ապա ցավում եմ ասել, որ ոչ ոք չի կարող որոշել, թե ինչ անուններ կլինեն Հայաստանի Հանրապետությունում: Միայն Հայաստանի Հանրապետությունը կարող է այդ որոշել: Հակառակը գործելը կհամարվի Հայաստանի ինքնիշխանության խախտում, ինչը բարձրագույն մակարդակով հրապարակայնորեն համաձայնեցված է եղել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանը սահմանափակվեց միայն քաղաքական խմբերի խոսնակների հարցերին պատասխանելով։ ԵԽԽՎ նախագահն ասաց, որ նախատեսված ժամանակն արդեն լրացել է։
Արձագանքեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։
«Սա Խորհրդարանական Ասամբլեա է, և հարգարժան արտասահմանյան առաջնորդներին հրավիրելու ամբողջ իմաստն այն է, որ այստեղ գտնվող մարդիկ հնարավորություն ունենան հարցեր տալու: Իրականությունն այն է, որ այսօր մենք ստացած պատասխանները եղել են անչափ երկար։
Երբ ապագայում արտասահմանյան առաջնորդներ հրավիրվեն, խնդրում եմ նրանց հասկացնել, որ նրանք այստեղ են մեր հարցերին պատասխանելու համար, և ոչ թե պարզապես երկար ելույթներ ունենալու»,-ասաց Էդվարդ Լեյը: