Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-09-30_10-11-14
A A
Պաշտոնական

ՊՆ վարչական համալիրում հանդիպումը տևել է մի քանի ժամ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացրած քաղաքացիների վերաբերյալ տարածված տեղեկությունների վերաբերյալ: 
 
«Իրավիճակին և տեղեկատվությանը չտիրապետող որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե, իբր, երեկ ՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ Պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել: 
 
Նշենք, որ ակցիայի անմիջապես մեկնարկին Պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արման Սարգսյանի, իսկ այնուհետև՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ: 
 
Ակցիայի մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հանդիպել ԳՇ պետի և ԶՈՒ-ից զորացրված մի շարք անձանց հետ: 
 
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է քաղաքացիներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ: 
 
Հայտնենք նաև, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»,- ասված է հաղորդագրության մեջ: