Կայացել է Հայաստան–Ղազախստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացել է (հեռավար ձևաչափով) Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՂՀ փոխվարչապետ, ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ: Նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները ստորագրել են արձանագրություն, որում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, այդ թվում՝ համագործակցությանը առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի, առողջապահության և կրթության ոլորտներում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես կարևորել է Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացումը, այդ թվում ԵԱՏՄ համագործակցության շրջանկաներում և ընդգծել առևտրատնտեսական գործընկերության ոլոտում չիրացված մեծ ներուժը: Մհեր Գրիգորյանն առանձնակի անդրադարձ է կատարել համագործակցությանը տրանսպորտի ոլորտում: «Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին։ Զուգահեռաբար Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով արդեն իսկ իրականացվում են բեռնափոխադրումներ, ինչը վկայում է մեր երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Ես կարծում եմ, որ այս բեռնափոխադրումները կարող են կրել կանոնավոր բնույթ, հատկապես հաշվի առնելով հայ ձեռնարկատերերի պոտենցիալ հետաքրքրությունը ղազախա-չինական սահմանին գտնվող «Խորգոս» միջսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի հնարավորությունների նկատմամբ։ Միջտարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը հատկապես կարևոր է Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի իրականացման համատեքստում»,-նշել է ՀՀ փոխվարչապետը։ Ամփոփելով խոսքը՝ Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը և Ղազախստանը կշարունակեն ամրապնդել իրենց գործընկերությունը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև վստահության, հարգանքի և բարեկամության վրա։