Մի դերասանի թատրոնի ենք եկել, որտեղ Կառավարության ղեկավարն ինքն իրեն հերքում է. Մինասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ-ամերիկյան փոխըմբռնման հուշագրի շուրջ աշխատանքային քննարկումներն այսօր էլ շարունակվում են։ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ հայ-ամերիկյան փոխըմբռնման հուշագրի ժամկետների և կատարված քայլերի վերաբերյալ հարցին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նմանատիպ հուշագրերը սովորաբար կնքվում են մեկ կամ երկու տարով՝ մինչև երեք տարվա երկարացման հնարավորությամբ․
«Մտադրությունների հուշագրերը հենց այդ տրամաբանությամբ են կնքվում։ Պատկերացրեք՝ մտադրության հուշագիր, որը 25 տարվա ժամկետ ունի․ դա արդեն չի դառնա իրականություն։ Դրա համար հուշագիրը մեկ տարվա է, որ այդ ընթացքում մտադրությունը վերածվի նախագծի, պայմանագրի, համաձայնության կամ ներդրման»,– ասաց Փաշինյանը։
Մինասյանի այն հարցին, թե մեկ ամսվա ընթացքում ի՞նչ է արվել, վարչապետը պատասխանեց, որ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ տարբեր ձևաչափերով։
«Այդ քննարկումները շարունակվում են։ Այսօր էլ տեղի են ունենում, կարող է հենց այս պահին էլ են տեղի ունենում»,- եզրափակեց Փաշինյանը։