Այսօր՝ Հայաստան-Պորտուգալիա. Քրիշտիանու Ռոնալդուի երրորդ այցը Երևան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականն աշխարհի 2026թ առաջնության շրջանակում այսօր կանցկացնի ընտրական առաջին հանդիպումը: Մեր թիմը սեփական դաշտում կընդունի այս տարվա Ազգերի Լիգայի հաղթող Պորտուգալիայի ընտրանուն:
Սա երկու երկրների ազգային թիմերի թվով 7-րդ դիմակայությունն է: Նախկինում կայացած 6 խաղերից 4-ն ավարտվել է մրցակցի առավելությամբ, իսկ երկուսում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Երևանում մեր ընտրանին միայն մեկ անգամ է զիջել Պորտուգալիայի հավաքականին: Դա տեղի է ունեցել 2015թ հունիսի 13-ին, երբ Քրիշտիանու Ռոնալդուի հեղինակած հեթ-տրիկի շնորհիվ պորտուգալացիները 19 տարվա մեջ առաջին անգամ հաղթանակ տոնեցին Երևանում՝ 3:2: Մինչ այդ, 1996-ին, կողմերը գոլազուրկ ոչ-ոքի էին արել, իսկ 2007-ին մեկական գնդակ էին փոխանակել իրար հետ:
Ի դեպ, Հայաստանի հավաքականն երբ առաջինն է ընդունել Պորտուգալիային, միշտ անպարտելի է մնացել սեփական դաշտում: Այնպես որ, այսօր կարող է կրկնվի նույն պատմությունը, եթե իհարկե կրկին անգամ չփայլի Քրիշտիանու Ռոնալդուն: 40-ամյա ֆուտբոլիստը, որը մասնակցել է Հայաստանի հետ նախորդ չորս հանդիպումներում, այսօր կանցկացնի իր թվով 222-րդ խաղը Պորտուգալիայի ազգային թիմի կազմում: Դա համաշխարհային ռեկորդ է:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընդգրկված է աշխարհի 2026թ առաջնության եվրոպական գոտու ընտրական F խմբում, որտեղ բացի Պորտուգալիայի հավաքականից հանդես են գալիս նաև Իռլանդիայի և Հունգարիայի ազգային թիմերն, որոնք այսօր կհանդիպեն Դուբլինում:
Հայաստան – Պորտուգալիա խաղը կսպասարկի անգլիական մրցավարական խումը, Էնտոնի Թեյլորի գլխավորությամբ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Խաղի բոլոր տոմեսերը վաճառված են: