Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԱՀԿ
A A
Պաշտոնական

Հայ դատը խստորեն դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը

Հայ դատի Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի և Ֆրանսիայի գրասենյակները հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը այն պայմաններում, երբ Հայաստանի դեմ շարունակաբար կիրառվել են ուժ և սպառնալիք։ Միևնույն ժամանակ, նրանք կոչ են արել ստեղծել միջազգային իրավասու մարմին՝ նպատակաուղղված արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությանն։

Գրասենյակները վստահություն են հայտնել, որ նման որոշումը միջազգային հանրության կողմից փաստացի հովանավորում է հակամարտությունների «լուծման» մեթոդները ուժի կիրառման ու էթնիկ զտումների ճանապարհով։

Հայ դատը մատնանշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր իրական խաղաղությունը չի կարող հիմնված լինել միայն ադրբեջանական պահանջների կատարումի և դրանց միջազգայնորեն ընդունման վրա, այլ պիտի հաշվի առնվեն հետևյալ առաջնահերթ պայմանները․

  • Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում
  • Հայ մշակութային ժառանգության պաշտպանության ապահովում
  • Հայաստանի ինքնիշխանության լիարժեք հարգում և օկուպացիոն ուժերի դուրսբերում ՀՀ տարածքից
  • Արցախի բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացում՝ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի որոշման հիման վրա

Հայ դատի համաշխարհային ցանցն այս փուլում շարունակում է գործել Ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման ուղղությամբ՝ ի նպաստ միջազգային նոր ձևաչափի առաջացման, որը կանդրադառնա հակամարտության խորքային հետևանքների հաղթահարմանը։ Այդպիսի հնարավոր նախադեպ կարող է դառնալ «Լեռնային Ղարաբաղի խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը»։

Մասնավորապես, գրասենյակները մատնանշել են հետևյալ դիտարկումները՝

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակ

Մինսկի խմբի լուծարումը դիտարկվել է ոչ թե խաղաղության քայլ, այլ Ադրբեջանի ճնշումների արդյունքում առաջ մղված անհավասար պայմանավորվածություն։ Ըստ գրասենյակի՝ այս զարգացումն արձանագրում է Արցախում իրականացված էթնիկ զտումները, ռազմագերիների պահումը և ՀՀ տարածքների օկուպացիան՝ միաժամանակ նսեմացնելով միջազգային իրավունքի սկզբունքները, որոնց մարմնավորում էր հենց ԵԱՀԿ Մինսկի գործընթացը։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Եվրոպական գրասենյակը հորդորել է ԵԱՀԿ-ին ու դրա անդամ պետություններին հավատարիմ մնալ դիվանագիտության և արդարության արժեքներին՝ հիշեցնելով Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Բելգիայի և Շվեյցարիայի հանձնառությունների մասին, որոնք աջակցել են արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը, գերիների ազատմանը և Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերմանը Հայաստանի տարածքից։

Հայ դատի Ֆրանսիայի գրասենյակ

Փարիզը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պարտավորվում է գործել՝ պաշտպանելու համար միջազգային իրավունքի այն նորմերը, որոնց երկար տարիներ սատարել է։ Գրասենյակը կոչ է արել Ֆրանսիային և ԵԱՀԿ-ին՝ շարունակել ներգրավվածությունը տեղահանված հայերի իրավունքների պաշտպանման, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ՝ ընդգծելով, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են ոչ թե լռություն, այլ ճշմարտություն և արդարություն։

Հայ դատի Մոսկվայի գրասենյակ

Գրասենյակը շեշտել է, որ առանց գործուն միջազգային միջնորդության և անվտանգության մեխանիզմների անհնար է կայուն կարգավորում։ Մինսկի ձևաչափի ոչնչացումը դիտարկվել է որպես խրախուսանք Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանը և հայերի ներկայության կործանման ուղի Արցախում։ Ըստ գրասենյակի՝ անհրաժեշտ է վերագործարկել միջնորդական ձևաչափ՝ ավելի հստակ երաշխիքներով՝ երաշխավորելու արցախահայության վերադառնալու, գերիների և նախկին ղեկավարների ազատ արձակման, ժառանգության պահպանության և ինքնորոշման իրավունքները, հայտնում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը։