Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ դիվանագիտությունը նախաձեռնողակա՞ն է

Հարցազրույց
30c1a7843cc86d79b5bdd144f1adc930

«Ա1+»-ի հարցերին պատասխանում է ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:

-Ինչպե՞ս եք գնահատում մեր դիվանագիտական կորպուսի մասնագիտական պատրաստվածությունը եւ գործունեությունը:

-Եթե խոսենք դրա մասին, պետք է հաշվի առնենք, որ 20 տարի առաջ չունեինք դինավանագիտական կորպուս, ունեինք ԱԳՆ, ունեինք նվիրված դիվանագետներ, բայց, ցավոք սրտի, այդ լավ սերունդը գնաց, եւ երկրորդ, նրանցից շատերը պրակտիկ աշխատանքի փորձ չունեին: Ստեղծվեց նախ կառույցը, հետո սկսվեց կադրերի պատրաստումը եւ այլն: Եվ հիմնական մասը մասնագիտական կրթություն չունեցող մարդիկ էին. նրանք սովորում էին աշխատելով: Իհարկե, իրավիճակը զգալիորեն փոխվել է, որովհետեւ արդեն գալիս է սերունդ, որն ունի համապատասխան կրթություն, փորձ, մենք վերջապես նախարարի ջանքերով ստեղծեցինք դիվանագիտական դպրոց: Լրջագույն քայլ էր, ես մասնակցել եմ քննություններին եւ կարող եմ ասել, որ երիտասարդները բավականին լուրջ մակարդակ ունեն. եթե առաջ օտար լեզվով խոսող երիտասարդ գտնելը բավականին բարդ էր, ապա այսօր խոսքը գնում է այնպիսի կադրերի մասին, որ տիրապետում են երկու լեզվի: Եթե գնահատենք՝ ինչ կար, ինչ կա եւ ինչ է լինելու, ես շատ լավ ապագա եմ տեսնում:

-Կարո՞ղ եք ասել, տոկոսային հարաբերությամբ, այսօր մեր դիվանագետների քանի՞ տոկոսն ունի մասնակգիտական կրթություն:

-Դժվարանում եմ ասել, բայց գիտե՞ք ինչ, ճիշտ չէ խոսել մասնագիտական կրթությունից. ի՞նչ է նշանակում մասնագիտական կրթություն. եթե Սովետական Միության պայմաններում խոսում էինք МГИМО-ն (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-խմբ.) ավարտածների մասին, ապա մի քիչ ճիշտ չէ խոսել, քանի որ դեռ այն ժամանակ, երբ կար լրջագույն դիվանագիտություն, զգալի մասը МГИМО չէր ավարտել:

-Այսպիսի ավանդույթ կա կարծես՝ Նախագահի կամ ԱԳ նախարարի մամլո խոսնակները իրենց աշխատանքից հետո անցնում են դիվանագիտական գործունեության. հիշենք Ձյունիկ Աղաջանյանին, Վահե Գաբրիելյանին, Աշոտ Քոչարյանին, Արա Պապյանին:

-Երեւի հակառակն ասենք. դիվանագետները, որ գործուղվում են նախագահական աշխատակազմ եւ աշխատում են այնտեղ, հետո շարունակում են իրենց դիվանագիտական գործունեությունը. նույն Վահե Գարիելյանը, Աշոտ Քոչարյանը ԱԳ դիվանագետներ են:

- Պարոն Մանասարյան, Վրաստանում ազգային եկեղեցիներին իրավական կարգավիճակի շնորհման հետ կապված առաջացավ լուրջ հակահայկական ալիք, ի՞նչ է անում պաշտոնական Երեւանը դրան դիմակայելու ուղղությամբ:

-Գիտեք, այդ ամենը մի քիչ չափազանցված է: Իհարկե, կան մարդիկ, որ խնդրին այլ կերպ են նայում: Եվ, ըստ վրացական եկեղեցու պաշտոնական բացատրությունների, (իսկ խոսքը չէր վերաբերում միայն հայկական եկեղեցիներին) այն, ինչ ստացվեց, արդյունք էր երկրների եւ նախագահների միջեւ գոյություն ունեցող բավականին բարձր մակարդակի հարաբերությունների: Այո, այդ քայլը (Հայոց եկեղեցուն ի թիվս այլ կրոնական համայնքների իրավական կարգավիճակ շնորհելը-խմբ.) բերեց նրան, որ բարձրացավ հակահայկական ալիք, բայց չեմ կարծում, որ դա լուրջ բնույթ է կրում եւ չեմ կարծում, որ դա շարունակական կլինի:

-Ուզո՞ւմ եք վստահեցնել, որ վրացահայությանն ու Ջավախքին այսօր վտանգ չի՞ սպառնում:

-Ոչ: Վտանգ չի լինելու եւ չի կարող լինել, որովհետեւ ինչքան մենք ենք լուրջ վերաբերում խնդրին, հուսամ, նույնքան էլ վրացական կողմն է լուրջ վերաբերում, եւ ավելորդ լարվածություն պետք չէ ոչ մեկին: Այն, ինչ արեց վրացական իշխանությունը, դա հաշվարկված քայլ էր, այդ ամենը չի արվում «մեր սիրուն աչքերի» համար, իրենք էլ են կողմնակից համագործակցության, նորմալ զարգացումների եւ այլն, եւ այլն:

-Դուք 1996 թվականից արտաքին հարաբերությունների նախարարությունում եք աշխատում, ինչպե՞ս եք գնահատում այսօր տարվող քաղաքականությունը` կարծիք կա, որ այն կրավորական է: Ըստ Ձեզ՝ կրավորակա՞ն, թե՞ նախաձեռնողական քաղաքականություն է վարում այսօր մեր արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:

-Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է բազմավեկտորային, ես չէի ասի, թե կրավորական քաղաքականություն է վարվում: Բավականին շատ ուղղություններով վարվող քաղաքականությունն այսօր նախաձեռնողական է: Մենք շատ դեպքերում փորձում ենք քննադատել եւ չնկատել նվաճումները: Իսկ դրանք շատ են: Որպես օրինակ բերեմ ՄԱԿ-ում ադրբեջանական վերջին նախաձեռնության ձախողումը: Սա գնահատվում է որպես հաղթանակ, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում, եւ եթե նախաձեռնողական միասնական աշխատանք չլիներ, նման արդյունքի չէինք հասնի: Այն վիճակը, որ այսօր տիրում է Ղարաբաղի հակամարտության խնդրում, երբեք չի եղել հակամարտության պատմության ընթացքում:

-Ի՞նչ առումով:

-Այն առումով, որ մեր դիրքորոշումը ընդունվում է միջազգային հանրության կողմից:

-Թե՞ մենք ենք ընդունում միջազգային հանրության դիրքորոշումը:

-Ոչ: Եկեք հիշենք հետեւյալը. մի 5-6 տարի առաջ բոլորը խոսում էին, որ առաջարկվող փաստաթղթից` հիմնարար սկզբունքներից, պետք է հանել տարածքային ամբողջականության խնդիրը: Համատարած խոսում էին դրա մասին: Իսկ հիմա ո՞վ է հիշում դրա մասին, հիմա ասում են հավասարազոր են եւ չի կարելի մեկը մյուսից տարանջատել: Դա հաղթանակ չէ՞:

-Իսկ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել մեզ չպարտադրեցի՞ն:

-Ոչ: Ո՞վ կարող էր մեզ պարտադրել:

-Գերտերությունները:

-Ես չեմ կարծում: Գիտե՞ք, մենք կարող ենք գնահատական տալ տարբեր տեսանկյուններից, բայց ես չեմ կարծում, որ դա պարտադրված է, դա բխում է նաեւ մեր շահերից, որ ունենանք եւս մեկ բաց սահման, եւս մեկ ճանապարհ: Իսկ այն, ինչ կատարվեց Թուրքիայի կողմից, ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ թուրքերը պատրաստ չեն, տոլերանտ չեն, բայց ես կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումն ուղղակի ժամանակի հարց է:

Զրուցեց Դիանա Մարկոսյանը


Տեղեկանք


Սերգեյ Մանասարյանը ծնվել է 1959թ. փետրվարի 25-ին, Երեւանում

1981թ. ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը:

Տեխնիկական գիտությունների թեկնածու է:


1981-1988թթ. աշխատել է գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտում:

1988թ. Պետպլան, այնուհետեւ` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` որպես փոխվարչապետի օգնական: Այնուհետեւ Սերգեյ Մանասարյանը եղել է ՀՀ վարչապետի օգնական, վարչապետի աշխատակազմի ղեկավար, կառավարության քարտուղար-նախարար:

1996թ. ՀՀ ԱԳՆ, նշանակվել` փոխարտգործնախարար

1999-2005թթ. աշխատել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Համատեղության կարգով եղել է Հայաստանի Հանրապետության դեսպանը նաեւ Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում եւ Օմանում:

2005-2010թթ. եղել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Ունի բարձրագույն` Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Պարգեւատրվել է Բուլղարիայի բարձրագույն "Ստարա Պլանինա" շքանշանով: