Ճանապարհային դեպարտամենտում քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի և Քաջարանի թունելի շինաշխատանքները
Աջակցիր «Ա1+»-ին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի առաքելության անդամներին՝ հիմնադրամի տրանսպորտի և կապի հարցերով ղեկավար Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։ Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ նշված ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Արկադի Չերչինյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ սերտ գործակցությունը նպաստում է ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամները ներկայացրել են այս շաբաթ շինհրապարակ կատարած իրենց այցելության մանրամասները` նշելով, որ շինտեղամասերում աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Մասնավորապես, ծրագրի շրջանակներում աշխատում է մոտ 640 մարդ, ներգրավված է 230 միավոր շինտեխնիկա։

Կողմերն անդրադարձել են նաև Քաջարանի թունելի կառուցման և մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթին։ Նշվել է, որ հունիսի 22-ին բացվել են մրցութային հայտերը, ներկայացված փաստաթղթերն այժմ գնահատման փուլում են։ Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը նույնպես ֆինանսավորվում է ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր։