Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զուրաբյանը կռահում է իշխանության պատասխանը

Հարցազրույց
8f2c1def1f9a6be5eae9ddf82896d805

Հայ ազգային կոնգրեսի համակարգող, իշխանական կոալիցիայի հետ երկխոսությունում ՀԱԿ պատվիրակության ղեկավար  Լեւոն Զուրաբյանը «Ա1+»-ի հետ զրույցում  հերքեց  իշխանության ներկայացուցիչների այն պնդումը, թե ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալումը սոսկ պատրվակ էր կոնգրեսի համար' կասեցնելու երկխոսությունը:

 Մասնավորապես, բանակցություններում իշխանական  աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը  նշել էր,  որ ՀԱԿ-ի' երկխոսությունից հրաժարվելու իրական պատճառն այն է, որ կոալիցիոն պատվիրակությունը  ներկայացրել է արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ «ՀԱԿ-ի ներկայացրած հիմնավորումները խորապես հերքող միանգամայն հիմնավոր ու լուրջ հակափաստարկներ»:  Լեւոն Զուրաբյանը պատասխանեց «Ա1+»-ի մի քանի հարցերի եւս։

Եթե կան երկխոսության առկախման համար այլ պատճառներ, քան Տիգրան Առաքելյանին անազատության մեջ պահելն է,  թող կոալիցիայի ներկայացուցիչները դրանք բացահայտեն մեկ պարզ հնարքով. փոխեն Տիգրան Առաքելյանի կալանման որոշումը,  ազատ արձակեն մեր կողմից առաջարկված անձնական երաշխավորությամբ եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Այդ իրավիճակում երկու կողմն էլ հաղթող կլինեն, որովհետեւ կստացվի, որ Հայ ազգային կոնգրեսը երաշխավորում է իր երիտասարդների պատշաճ վարքագիծը եւ քննչական գործողություններին ներկայանալը: Մյուս կողմի՝ հնարավորություն կստեղծվի ընդհանրապես հանել հարցի քաղաքականացման վերաբերյալ մեղադրանքները, եւ որեւէ մեկի մեղավոր լինելու կամ չլինելու հարցի լուծումը թողնել բաց դատաքննությանը:  Նման տրամաբանական լուծումը, որը չի հակասում, ավելին' լրիվ տեղավորվում է քրեադատավարական օրենսգրքի պահանջների մեջ, նաեւ' քաղաքականապես արդարացված է, ամբողջությամբ կլուծեր բոլոր հարցերը: Կբավարարվեին երկու կողմերի ցանկությունները, կփարատվեին մտահոգությունները:

Իսկ հակառակ դեպքու՞մ...

Հակառակ դեպքում ստացվում է, որ իշխանություններն են օգտագործում օգոստոսի 9-ի միջադեպը որպես պատրվակ' ստեղծելու պայմաններ, որոնցում ընդդիմության մասնակցությունը բանակցություններին ուղղակի բացառվում է: Այս դիտարկումը հիմնավորվում է նաեւ նրանով, որ հենց այն օրերին, երբ մենք իշխանության հետ քննարկում էինք երկխոսության բուն թեման, փաստորեն արգելվեց ՀԱԿ երիտասարդության հավաքի անցկացումը, որը նախատեսված էր օգոստոսի 26-28-ը Ծաղկաձորում, եւ մի շարք հանգստյան տների հետ նախօրոք   ձեռք բերված պայմանավորվածությունները խզվեցին: Էլ չասած այն մասին, որ նույնիսկ երկխոսության ռեժիմում շարունակվել են տրանսպորտային խոչընդոտներ հարուցվել մեր հանրահավաքների ժամանակ, ինչպես նաեւ' հարձակումներ մեր ակտիվիստների վրա: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները երկխոսությունը օգտագործում են որպես քողածածկույթ' իրենց ապօրինի գործողությունների համար:

Երկխոսության մեկնարկին ՀԱԿ դրած ժամկետը' մինչեւ սեպտեմբեր պատասխանել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին, փաստորեն, սպառվում է: Միեւնույն ժամանակ, մոտենում է սեպտեմբերի 9-ը' ՀԱԿ հանրահավաքի օրը: Եթե մինչեւ այդ օրը երկխոսությունը չվերսկսվի, ին՞չ զարգացումներ են հնարավոր:

Լեւոն ՏԵր-Պետրոսյանը օգոստոսի 2-ի հանրահավաքին հստակ նշեց, որ իշխանությունները պետք է կողմնորոշվեն արտահերթ ընտրությունների հարցում, եւ եթե դա չլինի, ապա սեպտեմբերին մենք երկխոսության հնարավորությունները սպառված կհամարենք: Այս հանգամանքը մեզ հնարավորություն է տալիս սեպտեմբերի ցանկացած  օր այդ որոշումն ընդունել: Դա կախված է լինելու եւ իշխանությունների քայլերից, եւ քաղաքական գործընթացների զարգացումից: Գոնե այս պահին մի բան ակնհայտ է.  իշխանությունները, կարծես, զբաղված են երկխոսության տորպեդահարմամբ: Որովհետեւ, չնայած նրանք համաձայնել են քննարկել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացումը, բայց պատրաստ չեն նման որոշում ընդունելու: Դա նշանակում է, որ իրենք մեզ պատասխանում են, որ երկխոսությամբ այդ հարցը լուծել հնարավոր չէ:

Այսինքն' քանի որ երկխոսությունը խոչընդոտող հիմնական պատճառները վերացված չեն, հնարավոր է ցանկացած զարգացու՞մ:

Գիտեք ինչ, դեռ, կարծում եմ, ժամանակ կա: Մենք ընդամենը առկախել ենք մեր մասնակցությունը: Եթե Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխվի, մենք պատրաստ ենք անմիջապես վերսկսել բանակցությունները: Բայց իշխանությունների կեցվածքը, նրանց պատրաստակամությունը' ցանկացած առիթով դիմել բռնաճնշումների, հալածանքների, ապօրինությունների, արդեն իսկ մտահոգիչ ազդանշան է: Սա նշանակում է, որ  անհրաժեշտ է դիմել ավելի վճռական գործողությունների, ընդհուպ մինչեւ փողոց հանել տասնյակ հազարավոր մարդկանց եւ զանգվածային բողոքի միջոցով պահանջել նոր զիջումներ դեպի երկրի ժողովրդավարացում:

Սակայն նույնիսկ երկխոսության վերսկսման դեպքում, կարծես թե, ձեր առաջադրած ժամկետների սղության հարց է առաջանում: Հնարավո՞ր է արդյոք, որ ՀԱԿ-ը վերանայի իր պահանջների կատարման ժամկետները:

Եթե մենք տեսնենք ողջամիտ քայլեր իշխանությունների կողմից, բնականաբար, դա կունենա համարժեք պատասխան Կոնգրեսի կողմից: Մի քանի օր այս կողմ կամ այն կողմ որեւէ հարց չի լուծում: Իսկ ողջամիտ քայլերով մենք պատրաստ ենք առաջ շարժվել: Սակայն կրկնեմ, որեւէ նշան, որ իշխանությունները պատրաստ են այդ ողջամիտ քայլերին, չի երեւում: 

Զրուցեց Հակոբ Կարապետյանը