Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Չարենցավանի պողպատաձուլական ձեռնարկություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Չարենցավանի «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» պողպատաձուլական ձեռնարկություն, որը խոշորագույնն է Հայաստանում։ Ընկերությունը մասնագիտացած է շինարարության մեջ կիրառվող պողպատե ամրանների, ինչպես նաև հանքարդյունաբերության համար նախատեսված պողպատե աղացագնդերի արտադրությամբ։
Նախագահը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել ձուլարանի աշխատանքներին, մասնավորապես՝ 40 տոննա հզորությամբ էլեկտրաաղեղային վառարանի շահագործմանը և անընդհատ ձուլման հոսքագծերին։ Ձուլարանի տարեկան արտադրական հզորությունը կազմում է շուրջ 300,000 տոննա, իսկ ամրանների արտադրությունը՝ մինչև 175,000 տոննա։
Այցի շրջանակում նախագահը եղել է նաև տաք գլանաձև նախապատրաստվածքների գլոցման և աղացագնդերի արտադրամասում, որտեղ նախատեսվում է մեկ հերթափոխով տարեկան արտադրել շուրջ 20,000 տոննա արտադրանք։ Ընկերությունում միայն 2022 թվականից հետո իրականացվել է շուրջ 20 մլրդ դրամի ներդրում, որի զգալի մասը հնարավոր է դարձել պետական աջակցության գործիքների շնորհիվ։
«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ»-ը նաև օգտվում է ներդրումային ծրագրերի շրջանակում կառավարության կողմից տրամադրվող տարբեր աջակցություններից: Շրջայցից հետո ընկերության գրասենյակում քննարկվել են ընկերության ընթացիկ գործունեությունը և ներդրումային ծրագրերը, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանի և ալյումինե մարտկոցների արտադրության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև մետաղաձուլության ոլորտում վերջին տարիներին կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։