Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն աճել են. գյուղերում գործարքներն ավելի շատ են, քան Երևանում և այլ քաղաքներում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում անշարժ գույքի նկատմամբ հունիսին իրականացվել է ընդհանուր 20 հազար 587 գործարք, ինչը 560-ով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված գործարքները, սակայն անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն ավելացել են շուրջ 330–ով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:
Հունիսին գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 4885 գործարք, ինչը 331-ով ավելի է նախորդ տարի նույն ժամանակում գրանցված գործարքներից: Ընդ որում՝ այս հունիսին գյուղերում գրանցված առուվաճառքի գործարքներն ավելին են, քան Երևանում և Հայաստանի այլ մարզերում: Հունիսին գյուղերում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 1922 գործարք, Երևանում՝ 1920, այլ քաղաքներում՝ 1043:
Ինչ վերաբերում է գույքի տեսակներին, ապա ամենաշատը՝ 1825-ը, եղել է բազմաբնակարան շենքի բնակարանի առուվաճառքի գործարք, ինչը 664-ով ավելի է նախորդ տարի հունիսին գրանցված 1161 գործարքի նկատմամբ: Ցուցանիշը 218-ով աճել է նաև նախորդ ամսվա՝ այս տարվա մայիսի նկատմամբ:
Այս տարվա հունիսին գրանցված առուվաճառքի գործարքներից 622-ը եղել է բնակելի տան, 1705-ը՝ հողի, 200-ը՝ հասարակական նշանակության շինության, 49-ը՝ արտադրական նշանակության շինության, 484-ը՝ ավտոտնակի:
Օտարերկրյա քաղաքացիները հունիսին Հայաստանում գնել են 144 անշարժ գույք, որից 73-ը՝ բնակարան, վաճառել՝ 218-ը, որից 61-ը՝ բնակարան:
Օտարերկրյա քաղաքացիներից անշարժ գույք Հայաստանում հունիսին գնել են ամենաշատը ՌԴ քաղաքացիները՝ 95, ԱՄՆ քաղաքացիները՝ 15, Իրանի քաղաքացիները՝ 5, եվրոպական պետությունների քաղաքացիները՝ 17, բացի ՌԴ-ից ԱՊՀ պետությունների քաղաքացիները՝ 6:
Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատն անշարժ գույք վաճառել են ևս ՌԴ քաղաքացիները՝ 164, ապա ԱՄՆ քաղաքացիները՝ 18: Իրանի քաղաքացիները հունիսին Հայաստանում կատարել են անշարժ գույքի վաճառքի 2 գործարք, եվրոպական պետությունների քաղաքացիները՝ 18, բացառությամբ ՌԴ-ի ԱՊՀ պետությունների քաղաքացիները՝ 9: