Բացել լրահոսը Փակել լրահոսը
530851155_1279981150804979_8588799536906611397_n
A A
Պաշտոնական

Այսպիսի ընթացքը չի կարող մոտեցնել այն սպասված խաղաղությանը, որի կարիքն ունեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները․ Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողով ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ժՈՂՈՎԻ
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ նահանգների ղեկավարների միջև
Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների կապակցությամբ
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը բարձր է գնահատում միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող բազմամյա ջանքերը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը կարևոր դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը ըստ արժանվույնս է գնահատվել Արցախի ժողովրդի ու նրա իշխանությունների կողմից:
 
Տարիների ընթացքում և հետևողական ու համբերատար աշխատանքի արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգները մյուս երկու համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ներկայացրել են միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանող կարգավորման մի բանաձև՝ Մադրիդյան սկզբունքներ անունով, որի առանցքում եղել են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Մինչև 2020թ. Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները ամենաբարձր՝ նախագահների մակարդակով վստահեցրել են Արցախի ժողովրդին, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում և այն իրականացվելու է վերոնշյալ սկզբունքների հիման վրա:
 
Ամեն ինչ փլուզվեց 2020թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով, իսկ դրա դատապարտաման բացակայությունը հանգեցրեց ավելի մեծ ողբերգության, երբ հազարամյա հայկական Արցախի 150 հազար բնակչությունը, ցեղասպանվելու սպառնալիքի տակ, տեղահանվեց իր հայրենիքից և ապաստան գտավ Հայաստանի Հանրապետությունում:
 
Ակնկալվում էր, որ գոնե այդ մեծ արհավիրքից հետո միջազգային ազդեցիկ կենտրոնները և, իհարկե, առաջին հերթին ՄԽ համանախագահ երկրները պարտավոր էին արագ արձագանքել՝ փակուղուց դուրս գալու ելքեր առաջարկելով: Սակայն, ցավով պետք է նշենք, որ ՄԽ համանախագահ երկրները ընտրեցին «ամենահեշտ» ճանապարհը՝ տարբեր պատրվակներով հրաժարվեցին միջնորդ-խաղաղարարի իրենց պարտավորություններից և նույնիսկ, փաստացի քաջալերելով մարդկության դեմ հանցագործությունը, անտեսեցին Արդարադատության միջազգային դատարանի՝ իր պատմական հայրենիք անվտանգ և երաշխավորված վերադառնալու Արցախի ժողովրդի իրավունքը վերահաստատող պարտադիր որոշումը:
 
Խաղաղության և կայուն զարգացման նշանակությունը ոչ ոք ավելի լավ չգիտի, քան Արցախի ժողովուրդը, որ իր իրավունքների պաշտպանության համար անցել է բազում զրկանքների ու զոհողությունների միջով, դիմակայել է Ադրբեջանի կազմակերպած մոտ տասը ամսվա համատարած շրջափակմանը, բայց այսպիսի ընթացքը չի կարող մոտեցնել այն սպասված խաղաղությանը, որի կարիքն ունեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները:
 
Հավատացած ենք, որ Հայաստանի իշխանությունների կեցվածքը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների անտեսման հարցում միայն թվացյալ հաջողության պատրանք կարող է առաջացնել միջազգային անվտանգային օրակարգում և առաջիկայում խորը հիասթափության առիթ է դառնալու իրական խաղաղությամբ շահագրգիռ դերակատարների համար:
 
Համոզված ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաթեթն անպայման պետք է ներառի.
 
- Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն իր պատմական հայրենիք և մշտական բնակության վայրեր,
- Արցախի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության հարցը, որն արդեն խիստ վտանգված է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով,
- Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի չլուծված հարցերը, որոնք հանգեցնում են Բաքվի բանտերում նրանց իրավունքների ոտնահարման և անօրեն դատական գործընթացների:
 
Նման իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի սկիզբը բացահայտում է համանախագահ երկրների վարած արտաքին քաղաքականության ոչ հետևողական լինելը, խաթարում է նրանց հեղինակությունը և ստանձնած պարտավորությունների հանդեպ առաջացնում անվստահություն և փաստում, որ փոքր կամ «նվազ ռազմավարական» տարածաշրջանները շարունակում են որպես մանրադրամ օգտագործվել քաղաքական մեծ խաղերի համար:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ահազանգում է խաղաղարարության առաքելությունը տապալած դերակատարների պատասխանատվությունը քողարկելու փորձերի մասին և վերահաստատում է իր հավատարմությունը իրական խաղաղության գաղափարին՝ հիմնված արդարության, իրավունքի և փոխվստահության վրա։
 
<<Ազատ Հայրենիք-ՔՄԴ>> խմբակցություն
<<Միասնական հայրենիք>> խմբակցություն
<<Արդարություն>> խմբակցություն
<<ՀՅ Դաշնակցություն>>խմբակցություն
<<Արցախի ժողովրդավարական կուսակցություն>>խմբակցություն
12.08.2025թ.
Երևան